Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի ամիս հետո ԵՄ–ն մեզ չի խնդրելու սննդամթերք մատակարարել. վարչապետ

Եվրամիություն սնունդ արտահանելը Հայաստանի համար այդքան էլ հեշտ չէ, բաց չեն ճանապարհները, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի ամիս հետո Եվրամիությունն ինքը Հայաստանին չի խնդրելու սննդամթերք մատակարարել։ Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, «Շանթ» Հ/Ը «Հեռանկար» հաղորդման եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ նայում ենք աշխարհի ցուցափեղկերին, տեսնում ենք, որ դրանք դատարկ են, իսկ Հայաստանի ցուցափեղկերը լիքն են։ Սա մեզ պետք է ազդակ տա, որ այնուամենայնիվ, մեր երկրում ինչ-որ ինքնապաշտպանության բնազդներ կան։ Չեմ դադարում զարմանալ մեր բիզնեսի տաղանդով։ Զարմանում եմ մեր ժողովրդի գործարար տաղանդով։ Գյուղատնտեսության մասով մենք ինքներս սպառելու խնդիր ունենք։ Եթե մենք ասում ենք՝ հնարավոր է աշխարհում սննդամթերքի այնպիսի ճգնաժամ լինի, որ մենք չկարողանանք ներմուծել. ինչո՞ւ մենք պիտի մտածենք ներմուծելու մասին, եթե ինքներս տեղում կարող ենք արտադրել։ Բազմաթիվ սննդատեսակների գծով մենք 100 տոկոս ինքնաբավություն, բայց այս հենքի վրա մենք պետք է պատրաստ լինենք. տնտեսությունն անկանխատեսելի երեւույթ է, ճշգրիտ բանաձեւեր չկան։ Հիմա ամեն ինչ անկանխատեսելի է։ Եվրամիություն սնունդ արտահանելը համար մեզ համար այդքան էլ հեշտ չէ, մեզ համար բաց չեն ճանապարհները, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի ամիս հետո Եվրամիությունն ինքը մեզ չի խնդրելու սննդամթերք մատակարարել»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը վստահ է, որ կորոնավիրուսից հետո սկսելու է հինգերորդ, եթե ոչ ինդուստրիալ, բայց համաշխարհային տնտեսական հեղափոխություն. «Լավ է, որ առաջինը մենք ենք, որ տնտեսական հեղափոխության մասին հայտարարել ենք, առնվազն մտադրության առումով աշխարհում լիդեր լինելու հնարավորություն ունենք»։

Հարցին՝ արդյոք բանկային համակարգի համար լա՞վ է մեկ կամ երկու ամսով վարկերի մուծումը հետաձգելը, չէ՞ որ գումարի շրջանառությունը կանգնում է, վարչապետն պատասխանեց.

«Կռահում եմ, որ կլինեն քննադատություններ՝ այ բանկերին ինչու եք ներգրավվում պրոցեսի մեջ, աշխատեք ուղիղ բիզնեսի հետ. այստեղ 3 պատճառ կա։ Առաջինն այն է, որ, այնուամենայնիվ, Կառավարության վրա ավելի հեշտ է էմոցիոնալ ճնշում գործադրել, քան բանկերի, մեզ հարկավոր է արբիտր՝ ծրագրերը գնահատելու համար, եթե բանկը պատրաստ է կիսել ռիսկը 50 տոկոսով, Կառավարությունը, վստահաբար, կարող է այդտեղ գումար ներդնել։  Երկրորդը, երբ ասում ենք՝ ընկերություններին պատրաստ ենք աջակցել, որպեսզի հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողներին աշխատավարձ վճարեն, երբ քաղաքացին աշխատավարձը ստացավ պետության եւ բանկի աջակցությամբ, ենթադրվում է, որ կփակի նաեւ վարկը, իսկ նրանք, ովքեր այլ իրավիճակում են, մենք բանկի հետ պայմանավորվել ենք, որ հաճախորդների նկատմամբ անհատական մոտեցում կցուցաբերվի, այն հաճախորդը, որը կհիմնավորի, որ կորոնավիրուսի պատճառով իր պարտավորությունը չի կատարում, ապա բանկերը ընդառաջ կգնան»։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 102–ի։ Դեպքերի 75 տոկոսն առնչվում է էջմիածնի եւ արտադրամասի դեպքերին։

ԱՎԵԼԻՆ