Դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է. Թունյան

Դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Պատգամավորը մասնավորապես գրել է. «Որոշ մարդիկ առաջնորդվում են «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Նախանձելի հետևողականությամբ հրապարակային հայտարարում են, որ դրամը կտրուկ արժեզրկվելու է, ու խորհուրդ են տալիս դոլար գնել։

Սա ոչ այլ ինչ է, քան վնասարարություն։ Որոշ մարդկանց դեպքում համոզված եմ, որ նպատակը խուճապ ստեղծելն է, որ մարդիկ նետվեն դոլար գնելու, ստեղծվի արհեստական դեֆիցիտ, դոլարը թանկանա, դժգոհություններ հասունանան, ու իրենք իշխանություններին քննադատելու առիթ ունենան։

Նման մի իրավիճակի միջով մենք անցել ենք 2014 թվականի դեկտեմբերին։

Այդ մարդկանց չեմ ասում՝ մի արեք նման բան, որովհետև իմաստ չունի. իրենք անում են դա գիտակցված ու անելու են։

Ես դիմում եմ մեր հայրենակիցներին և խնդրում ամեն ինֆորմացիայի հավատալուց առաջ՝ փորձել վերլուծել՝ ո՞վ է դա տարածում և ինչ նպատակով։

Անկեղծ ասում եմ՝ դրամը կտրուկ կարժեզրկվի միայն այն դեպքում, եթե դուք հավատաք, որ արժեզրկվելու է։

Այնպես որ, եթե ուզում եք, որ դրամն արժերկվի, կարող եք այս գրառումը կարդալուց հետո վեր կենալ, գնալ մոտակա փոխանակման կետն ու ձեր ձեռքի տակ եղած դրամը փոխարկեք դոլարի կամ եվրոյի։

Ձեր որոշելիքն է։ Ես անձամբ նախընտրում եմ իմ համեստ դրամական միջոցները թողնել ՀՀ դրամով, և «չենջ» գնալու ժամանակն օգտագործել ավելի կարևոր կամ ավելի հաճելի բանով զբաղվելու համար

Ասեմ նաև, որ ՀՀ Կենտրոնական բանկը ունի բավարար ռեսուրսներ փոխարժեքի տատանումները վերահսկողության տակ պահելու համար, ՀՀ միջազգային պահուստները պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա են (պարզ ասած՝ լիքը արտարժույթ կա)։

ԿԲ-ում աշխատում են բարձր պրոֆեսիոնալներ, որոնք կարողացան հաղթահարել 2014-ի դեկտեմբերի շոկը, և որոնք կարողացան այնպես անել, որ հեղափոխության արդյունքում փոխարժեքային ցնցումներ չեղան։

Մնացածը դատողությունները թողնում եմ ձեզ։

UPDATE: Ի դեպ, այսօր փոխարժեքը կայունացել է՝ առանց ԿԲ-ի կողմից ինտերվենցիայի (առանց դոլար վաճառելու): Իսկ դա շատ ուրախալի փաստ է, ինչը ցույց է տալիս, որ մեր հայրենակիցները սթափ են դատում ու խուճապի չեն մատնվում )

ԱՎԵԼԻՆ