Սիփան Փաշինյանը հանդիպել է Մեխակ Առաքելյանին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն այսօր այցելել է Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանին, ով օրեր առաջ Ստեփանավանում տան խնդիր ունենալու հարցով մոտեցել էր վարչապետին։

Հանդիպման ժամանակ պատգամավորը նշեց, որ Մեխակ Առաքելյանի բարձրաձայնած խնդիրները լուծելու համար շատերն են պատրաստակամություն հայտնել, սակայն տրամադրվող օգնությունը չի կարող մանրամասնել, քանի որ ընտրական գործընթացի մեջ են։ Նրա խոսքով՝ մանրամասները հանրությանը կներկայացվեն հանրաքվեից հետո, որպեսզի հիմա շահարկումներ չլինեն։

Լրագրողների հետ զրույցում Ստեփան Փաշինյանը ներկայացրեց, որ վարչապետի և Կուրթանի բնակչի՝ համացանցում տարածված հարցազրույցից հետո հասկացել է, որ նա իսկապես առողջական խնդիրներ ունի։ «Ես պատրաստակամություն եմ հայտնել օգնելու։ Ես ընդամենը եկա և Մեխակի ընտանիքին այդ լավ լուրի մասին տեղեկացրի։ Չեմ ցանկանա մանրամասներ ներկայացնել՝ անտեղի շահարկումներից խուսափելու համար»։

Նա խոստացավ, որ հանրաքվեից հետո, եթե հանրային հետաքրքրություն լինի, դետալային մանրամասն կներկայացնի, թե ինչ աշխատանքներ են տարվել։

Դիտարկմանը, թե արդեն մյուս քաղաքական ուժն պատրաստակամություն է հայտնել ընտանիքին օգնելու համար, արդյո՞ք այս դեպքում համագործակցություն կլինի, թե խնդրին առանձին կողմերով են մոտենալու, Փաշինյանը պատասխանեց․ «Չգիտեմ, թե իմ գործընկերներն ինչ են խոսել, բայց ամեն դեպքում ես իմ պարտքն եմ համարել գալ Մեխակի ընտանիք և հայտնել, որ մարդիկ պատրաստակամ են իրենց օգնել։ Բնականաբար, իմ ընդդիմադիր գործընկերների իրավունքն է լինել այստեղ, փորձել օգնել․ ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց նա։

ԱՎԵԼԻՆ