Իտալիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն ավելացել է 133-ով

Իտալիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն ավելացել է 133-ով. հիվանդությունից ընդհանուր առմամբ երկրում մահացել է 366 մարդ: Այդ մասին կիրակի հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ վարակվածների ընդհանուր թիվը մեկ օրում աճել է ավելի քան 1.3 հազարով եւ ներկայում կազմում է 6387 մարդ: Բուժվել է 622 մարդ:

Վարակման դեպքեր գրանցվել են Իտալիայի բոլոր շրջաններում, սակայն էպիկենտրոնը դեռեւս համարվում են Լոմբարդիա եւ Վենետո շրջանները: Կորոնավիրուսի անալիզ են հանձնել Լոմբարդիայի շրջանային խորհրդի բոլոր անդամները, հայտնաբերվել է վարակը խորհրդականներից մեկի, ինչպես նաեւ նահանգապետի օգնականի մոտ: Բացի այդ, վարակվել են նաեւ Լացիո եւ Պյեմոնտ շրջանների նահանգապետերն ու երկու քաղաքապետերը:

Կառավարության կողմից ձեռնարկված կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու լրացուցիչ գործողությունների ֆոնին Իտալիայի հարավային շրջաններում սահմանվել է 14-օրյա կարանտին բոլորի համար, ովքեր ժամանել են հյուսիսային շրջաններից, իսկ հյուսիսում ամբողջովին մեկուսացված է մի քանի շրջան:

 

ԱՎԵԼԻՆ