Ծխախոտի ծխի մասնիկները մնում են ծխողների հագուստի եւ մաշկի վրա, որոնք հետո արտազատվում են շրջակա միջավայր

Ծխախոտի ծխի մասնիկները մնում են ծխողների հագուստի եւ մաշկի վրա, որոնք հետո արտազատվում են շրջակա միջավայր: Եթե մարդը, որից ծխախոտի ծխի հոտ է գալիս, մտնում է սենյակ, որտեղ չեն ծխում, նրա վրայի ծխախոտի այրման վնասակար արգասիքների խտությունը կարող է բավարար լինել մարդկանց առողջությանը սպառնալու համար: Այս մասին նշված է Science Advances-ում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Երրորդական ծխել են անվանում մարդկանց վրա ծխախոտի ծխի նյութերի ազդեցությունը, որոնք մնում են պատերին, կահույքի, հագուստի եւ այլ իրերի վրա: Պարզվել է, որ նույնիսկ սենյակում, որտեղ ոչ ոք չի ծխել, կարելի է ենթարկվել մեծ թվով վտանգավոր քիմիական միացությունների ազդեցությանը, եթե այնտեղ է մտել կարճ ժամանակ առաջ ծխած մարդը:

Ինչպես պնդում է հետազոտության ղեկավար Դրյու Ջենթները, չի կարելի խոսել ծխախոտի ծխի պոտենցիալ ազդեցությունից որեւէ մեկի առողջության պաշտպանված լինելու մասին, նույնիսկ եթե մարդիկ չեն ծխում եւ պասիվ ծխելու չեն ենթարկվում:

Գիտնականները մեկ շաբաթ բարձրզգայունության սարքերով չափել են կինոթատրոնի օդում օրգանական միացությունների խտությունը, որտեղ արդեն 15 տարի ոչ ոք չէր ծխել: Հանդիսատեսի գալուն պես օդի մեջ կտրուկ ավելացել է զանազան թռչող օրգանական միացությունների պարունակությունը, որոնք պարունակվում են ծխախոտի ծխի մեջ: Հատկանշական է, որ պարունակությունն աննշան է մեծացել, եթե ցուցադրվել են G վարնաիշի ֆիլմեր (առանց տարիքային սահմանափակումների), ի տարբերություն R վարկանիշի ֆիլմերի (մինչեւ 17 տարեկան երեխաների մուտքն առանց ծնողների արգելված է):

Հատկանշական է նաեւ այն, որ ծխած մարդկանց սենյակ մտնելուց հետո առողջության համար վտանգավոր նյութերի արտանետումները համարժեք էին մեկ ժամվա ընթացքում պասիվ ծխելու դեպքում 1-ից մինչեւ 10 ծխախոտի վնասակար ազդեցությանը: Դրանք օդի մեջ առավելագույնի էին հասնում հանդիսատեսի գալով եւ աստիճանաբար նվազում  նրանց հեռանալով, բայց ամբողջությամբ չէին անհետանում: Ավելին՝ դատարկ կինոթատրոնում մշտական աղտոտվածությունը մնում էր հաջորդ օրերին:

Հետազոտության հեղինակները նշել են, որ կինոթատրոնը, որտեղ հետազոտությունն անցկացվել է, լավ օդափոխվել է: Իսկ ահա տարածքներում, որոնք ավելի վատ են օդափոխվում (հասարակական տրանսպորտում, բարերում, գրասենյակներում եւ տներում), երրորդական ծխի նման արտանետումները կբերեն այդ միացություններից շատերի զգալիորեն ավելի բարձր խտությունների:

ԱՎԵԼԻՆ