ՀՀ ազգային ժողովում հաստատվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը

ՀՀ ազգային ժողովում այսօր՝ մարտի 6-ին, հաստատվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակված «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը։ Այս ամսին տեղեկանում է ԱԺ լրատվական ծառայությունից։

Օրենքը կարգավորում  է Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները:

Նախատեսված է, որ օրենքի ընդունումից հետո վեցամսյա ժամկետում պետք է մշակվեն տիեզերական գործունեության բնագավառի զարգացման ծրագրեր, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման և շահագործման, ստեղծման, փորձարկման, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների  գրանցման, տիեզերական գործունեության լիցենզավորման, շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների  օգտագործման, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների քննության կարգերը և պայմանները:

Ոլորտում գործող ընկերությունների համար օրինագիծը սահմանում է հարկային արտոնություններ, ինչը նպատակ ունի նպաստելու Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեության ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Մասնավորապես, օրենքի դրույթներից ելնելով, մի շարք լրացումներ են նախատեսվում  «ՀՀ հարկային օրենսգրքում», «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքներում։ Մինչ այժմ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական գործունեությունը կանոնակարգվում էր միայն միջազգային իրավունքի նորմերով:

Հայաստանում տիեզերական ոլորտի ձևավորումը և այդ ոլորտում գործունեության իրականացման խրախուսումը մեծ դերակատարում կարող է ունենալ ոչ միայն նոր ենթակառուցվածքների ձևավորման, այլ նաև աշխատատեղերի ստեղծման գործում: Այն խթան կհանդիսանա նաև Հայաստանում ոլորտի որակավորված մասնագետների՝ ինժեներների, կոնստրուկտորների, մեխանիկների նկատմամբ, ինչն էլ իր հերթին հիմքեր կստեղծի հանրապետությունում սեփական տիեզերական ծրագրերի իրագործման համար:

 

ԱՎԵԼԻՆ