Եվրահանձնաժողովը կանխատեսում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացում

Եվրամիության իշխանությունները անդամ երկրներում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդանալու ռիսկի գնահատականը բարձրացրել են միջինից մինչեւ բարձր մակարդակի: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մեր գործակալությունն այսօր ներկայացրել է, որ ռիսկը բարձրացված է միջինից մինչեւ բարձր մակարդակի»,- ասել է նա:

ԵՀ ղեկավարի խոսքով՝ Եվրամիությունը բոլոր մակարդակներով ակտիվորեն միջոցներ է նախաձեռնում վիրուսի տարածումը կասեցնելու համար:

Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանալու է, Եվրահանձնաժողովը պատրաստում է համակարգված պատասխան: Եվրահանձնաժողովը ավելի քան 230 մլն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերի համար եւ փնտրում է լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորություն:

Եվրահանձնաժողովը ԵՄ 18 երկրում գրանցել է կորոնավիրուսով վարակման 2,1 հազար դեպք, 54 մարդ մահացել է:

Մարտի 6-ին ԵՄ-ն առողջապահության նախարարների արտահերթ հանդիպում կանցկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները քննարկելու համար:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) առաջացրած հիվանդությունը բռնկվել է Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 մլն բնակչությամբ Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ բնորոշելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով վարակակիրներ կան Հարավային Կորեայում եւ Իտալիայում: Վարակման դեպքեր են հայտնաբերվել 67 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Չինաստաում, որին ԱՀԿ տվյալներով բաժին է ընկնում հիվանդացածների հիմնական զանգվածը, գրանցվել է մահվան 2,9 հազար դեպք, առողջացել է 44,4 հազար մարդ, վարակման դեպքերի թիվն անցել է 80 հազարից:

ԱՎԵԼԻՆ