Հունվարին ԵՄ զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսի պատճառով 1 միլիարդ եվրո է կորցրել

Եվրոպական Միության երկրներում զբոսաշրջության ոլորտը կորուստներ է կրում աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով, հատկապես` Չինաստանում, որտեղից գալիս  էին տուրիստների մեծ մասը: Ըստ ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնի` միայն հունվարին կորուստները 1 միլիարդ եվրո են կազմել, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հունվարից ի վեր եվրոպական զբոսաշրջության ոլորտը 2 միլիոն զբոսաշրջիկ է կորցրել, ինչն ամսական 1 միլիարդ եվրոյի կորուստ է ենթադրում»,- ասել է Բրետոնը: «Ես ուզում եմ հիշեցնել, որ մեծ թվով զբոսաշրջիկներ էին գալիս Եվրոպա, սակայն արդեն երկու ամիս է դա տեղի չի ունենում».

Բրետոնը պատմել է, որ Իտալիայի իշխանություններն ավելի քան 3 միլիարդ եվրո են հատկացրել՝ երկրի հյուսիսային շրջաններին աջակցության համար, որոնք ամենաշատն են տուժել համաճարակից եւ դրան հաջորդող սահմանափակիչ միջոցառումներից, մասնավորապես` փոքր եւ միջին բիզնեսին: Ըստ նրա` կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի եւ Գերմանիայի տնտեսությունը կարող է անկում ապրել, սակայն կոնկրետ թվեր նա չի նշել` ասելով, որ դրա մասին խոսելը դեռ վաղ է: «Մեկնարկային կետը կդառնա մարտի վերջը, երբ ընկերությունները կսկսեն առաջին եռամսյակի հաշվարկները»,- պարզաբանել է եվրահանձնակատարը:

ԱՎԵԼԻՆ