Մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը

Մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հայրենակիցը, որի մոտ ախտորոշվել է կորոնավիրուսի հիվանդացության դեպք, այս պահին շարունակում է ջերմություն չունենալ, ըստ էության ոչ մի բողոք չունի, ճիշտ է գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում, բայց բուժման գործողություն չի արվում, որովհետև դրա անհրաժեշտություն չկա։ Նա կնոջ հետ գտնվում է սենյակում, նստած, ժամանակն է անցկացնում այնտեղ։ Մեր մեկուսացված հայրենակիցներից որևէ մեկը նույնպես  ջերմություն կամ որևէ ախտանշան չունի, նրանք պարզապես մեկուսացված են։ 31 քաղաքացի է այս պահին մեկուսացված։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին համագործային պահվածքի համար»,-նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ մարդկանց Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում մեկուսացնելուց քաղաքը ռիսկային չի դառնում․ «Արդեն հայտնի է, որ նրանք «Գոլդեն փելիս» հյուրանոցում են տեղավորվել։ Մենք ամեն ինչ անում ենք նրանց համար արժանապատիվ պայմաններ ապահովելու ուղղությամբ, բայց մենք ազդակներ ենք ստանում, որ Ծաղկաձորի հյուրանոցներում համարներ պատվիրած մարդիկ հրաժարվում են պատվերներից, իսկ ոմանք լքում են Ծաղկաձորը։ Ես ուղղակի ուզում եմ վստահորեն հավաստիացնել, որ այդպիսի գործողության անհրաժեշտություն չկա, որովհետև քաղաքացիները, որ մեկուսացվել են Ծաղկաձորում, դրանից իրավիճակի մեջ որևէ բան չի փոխվում, այսինքն դրա արդյունքում Ծաղկաձորում համաճարակային իրավիճակն ավելի վատը չի դարձել։ Այս մարդիկ գտնվում են հսկողության ներքո և այլ կոնտակտներ ունենալ չեն կարող»։

 

ԱՎԵԼԻՆ