2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին ներկայացվել է 12 նախագիծ

2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի բաց մրցույթին ներկայացվել է 12 նախագիծ: Երկարատեւ քննարկումներից հետո մրցութային հանձնաժողովի անդամների քվեարկությամբ հաղթող ճանաչվեց քանդակագործ Ալբերտ Վարդանյանի «Ազդեցություն-հակազդեցություն» նախագիծը:

Մրցույթի մասնակիցների առաջ խնդիր էր դրված, որպեսզի հուշարձանի գաղափարական հորինվածքը սահմանափակվի միայն նշմարվող մարﬕնների ուրվագծերի համադրությամբ՝ բացառելով դիմանկարային նմանությունները: Բացի այդ, այն պետք է լիներ հարթաքանդակի տեսքով: Հուշարձանը տեղադրվելու է Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա՝ Բեյրութի փողոցից դեպի Զաքյան փողոց ձգվող ցանկապատի 22-23-րդ հենապատերի ﬕջնամասում:

Հարթաքանդակն իրենից ներկայացնում է բրոնզի եւ քարի համադրությամբ հուշարձան, որտեղ պատկերագրային լեզուն եւ գաղափարը հասանելի են դառնում քանդակային սիմվոլների եւ նյութի կառուցվածքային լուծումների միջոցով: Դիտողը հայտնվում է արվեստի ստեղծած միջավայրում, որն իր մեջ է կրում տվյալ տարածքի հիշողությունը եւ դիտողին տանում է դեպի 2008-ի մարտի ողբերգական օրերը:

Երեւանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն իր շնորհակալությունն է փոխանցել բոլոր աշխատանքների հեղինակներին. «Նախորդ մրցույթի ժամանակ ներկայացված գործերից որեւէ մեկին հանձնաժողովը հավանություն չտվեց եւ որոշվեց հայտարարել երկրորդ մրցույթը, որպեսզի հնարավորություն տանք արվեստագետներին նոր գործեր ներկայացնել: Առաջիկայում Երեւանում կտեղադրվի կարեւոր եւ հետաքրքիր մի հուշարձան, որն ինքնին կխոսի եւ կպատմի մարտիմեկյան դեպքերի մասին»,-ասել է փոխքաղաքապետը:

ԱՎԵԼԻՆ