Երեւանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել մարտի 8-ի համար

Երեւանի քաղաքապետարանն այս տարի յուրօրինակ նվեր է պատրաստել մարտի 8-ի համար: Թատրոն, կինո, համերգ: Քաղաքապետարանը հրավիրում է երեւանցիներին ընտրել, թե մարտի 8-ին որտեղ անցկացնեն տոնական երեկոն:

«Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք մեր երեւանցիներին հրամցնենք հետաքրքիր մշակութային միջոցառումներ, ամենակարեւորը՝ բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ: Եվ մենք դրա համար ստեղծում ենք առիթներ: Արդեն փետրվարի 27-ից սկսած՝ երեւանյան բոլոր թատրոնների տոմսարկղներում կլինեն հրավիրատոմսերը եւ մեր երեւանցիներն իրենց ճաշակին հարմար ներկայացում, համերգ եւ կինո կընտրեն ու կգնան դիտելու: Հրավիրատոմսերը բաժանվում է անվճար, շուտով մեր քաղաքապետարանի կայքում կլինեն նաեւ բոլոր միջոցառումների անվանումները, վերնագրերը, եւ երեւանցիները հնարավորություն կունենան 15-ից ավելի ներկայացում, համերգ եւ կինո ընտրել ու մասնակցել միջոցառմանը»,- ընդգծում է փոխքաղաքապետը:

Նախաձեռնությունն ինքնատիպ է, խաղացանկը՝ հագեցած, միջոցառումները՝ բազմաժանր: Կազմակեպիչներն ամեն ինչ արել են, որ այդ օրը դահլիճներում ազատ տեղ չլինի:

«Մենք ընտրել ենք մայրաքաղաքի թատրոնների խաղացանկի լավագույն նեկայացումնեը. օրինակ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Դիմակահանդես»-ը՝ Արամ Խաչատրյանի հանճարեղ գործը, Պարոնյան թատրոնը կներկայացնի շատ հետաքրքիր ներկայացում՝ «Սիրելիներից մի բաժանվեք», Սունդուկյան թատրոնը՝ «Հարսնացու հյուսիսից», այլ թատրոններ եւս իրենց խաղացանկի լավագույն ներկայացումներն ի ցույց կդնեն այդ օրը, եւ ես վստահ եմ, որ մենք կունենանք լեփ-լեցուն դահլիճներ»,- ասում է Տիգրան Վիրաբյանը:

Համերգային ծրագրերը նախընտրողների համար մարտի 8-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա խմբերգային տարբեր ստեղծագործություններով: Հայաստանի երգի պետական թատրոնը տոնական օրվա երեկոն վստահել է ձեւավորվող նոր նվագախմբին: Երեկոյի ընթացքում կհնչեն Էլվինա Մակարյանի երգերը: Ֆիլմերի սիրահարները «Մոսկվա» կինոթատրոնում հնարավորություն կունենան դիտելու «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը:

Մարտիության միջոցառումների մեծ մասը կմեկնարկի ճիշտ նույն ժամին՝ 19:00-ին:

ԱՎԵԼԻՆ