Պյուռոսյան հաղթանա՞կ, թե՞ իրական հեղափոխություն

Պյուռոսյան հաղթանա՞կ, թե՞ իրական հեղափոխություն

Ի՞նչ կարող է փոխվել նոր սահմանադրության ընդունմամբ։ Ինչո՞ւ է իշխանությունը մի քանի տարով հետաձգում դրա ընդունումը։ Ի՞նչ կարող է շահել ժողովուրդը նոր սահմանադրության ընդունմամբ։

Սահմանադրության փոփոխությունը հեղափոխության առաջնային խնդիրն է։ Նոր սահմանադրության մեջ են արտացոլվում այն արժեքները, որոնց ներդրման համար տեղի է ունեցել հեղափոխությունը։ Նոր Սահմանդրությամբ պետությունը աշխարհին ներկայանում է ազգային նոր իդեալով, ինչը փոխում է աշխարհի վերաբերմունքը պետության նկատմամբ։ Սա պարզ ճշմարտություն է, որը մեզ մոտ չի ընկալվում։

Չմոռանանք, որ երկրի զարգացումը մեծապես պայմանավորված է արտաքին ներդրումներով։ Ուստի՝ ներդրումները կաշխուժանան, երբ աշխարհի համար պարզ կլինի, թե ի՞նչ արժեքներ կրողի, ինչ իդեա՞լ ունեցողի հետ գործ ունեն՝ նախկինի ստվերի՞, թե՞ հեղափոխական նորի։ Այս առումով՝ նոր սահմանադրության հետաձգումը պետության զարգացման դեմ ուղղված քայլ է։

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ իշխանությունները նախատեսում են նոր սահմանադրությունն ընդունել ԱԺ հաջորդ ընտրություններին զուգահեռ։ Ընդդիմախոսները պնդում են, թե նորի ընդունումը հետաձգվում է ոչ թե ողջամիտ հաշվարկով, այլ նախկիններով վախեցնելու միջոցով վերընտրվելու համար։ Իշխանական խոսնակները Սահմանադրական դատարանի հարցի մասին հանրաքվեն ներկայացնում են որպես հեղափոխության փուլ։ Ընդդիմախոսները պնդում են, որ ապրիլի 5-ը մանիպուլյացիա է իշխանությունը կենտրոնացնելու համար։

Օրինակարգ սահմանադրականության հաստատումը հետաձգելը կասկած է ներշնչում ոչ միայն իշխանությունների անկեղծության, այլև հեղափոխության իրականության վերաբերյալ։ Եթե Սահմանդրության ընդունումը հետաձգվում է, նշանակում է՝ չկան նոր արժեքներ, որոնք օր առաջ հաստատելու համար տեղի է ունեցել ժողովրդական հեղափոխություն։ Իսկ եթե չկան նոր արժեքներ, ապա հեղափոխություն չի եղել։

Կա նաև հիմնավոր վարկած, որ հեղափոխությունն էտապների բաժանելն ունի արտաքին մարտահրավերները հնարավորինս չեզոքացնելու խնդիր։ Նկատենք, որ օրինակարգ իշխանության՝ արտաքին մարտահրավերները զսպելու ամենամեծ ռեսուրսը ժողովրդի աջակցությունն է։ Այս առումով՝ ճիշտ չի լինի՞, եթե իշխանություններն ազնիվ լինեն ժողովրդի հետ, ներկայացնեն հեղափոխության իրական առաքելությունը, ժողովրդական էներգիան միավորեն իրական մարտահրավերները դիմակայելու համար։ Իսկ եթե թվարկված վարկածներն անհիմն են, և հեղափոխությունը ազգային նպատակներ չի հետապնդում, ապա, օրինաչափ է, որ պիտի նախկինների գանձապահներին բռնի-բաց թողնի, և պատրաստվի ապրիլի 6-ին տոնելու պարոն Թովմասյանի նկատմամբ պյուռոսյան հաղթանակը։

Թաթուլ Մկրտչյան

ԱՎԵԼԻՆ