Կորոնավիրուսի պատճառով դադարեցվել է Ավստրիայի եւ Իտալիայի միջեւ մարդատար գնացքների երթեւեկությունը

Նոր կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով «Ավստրիական դաշնային երկաթուղիներ» ընկերությունը դադարեցրել է Ավստրիայի եւ Իտալիայի միջեւ մարդատար գնացքների երթեւեկությունը՝ Բրեներ սահմանային ալպյան լեռնանցքով: Այս մասին նշված է Twitter-ում հրապարակված ավստրիական ընկերության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ներկայումս Բրեներով գնացքների երթեւեկութունն անհնար է: Պատճառը պաշտոնական արգելքն է»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

Արգելքը տարածվում է Ավստրիայի եւ Իտալիայի միջեւ հեռագնա եւ միջքաղաքային գնացքների երթեւեկության վրա՝ մինչեւ սանիտարական իշխանությունների հետագա կարգադրությունը: Կիրակի երեկոյան ավստրիա-իտալական սահմանը հատել չկարողացած գնացքների թվում է «Նիս-Մոսկվա» ճեպընթացը, հայտնել է Մամուլի ավստրիական գործակալությունը:

Կիրակի Ավստրիան արգելել էր Իտալիայից գնացքի երթեւեկությունը՝ կասկածելով, որ երկու ուղեւոր կարող էին վարակված լինել նոր կորոնավիրուսով: Արդյունքում Գերմանիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել է բարձր ջերմությամբ: Նոր կորոնավիրուսի ստուգման նրանց անալիզները բացասական էին: Մնացյալ ուղեւորները կարողացել են վագոններից դուրս գալ եւ հետագա կարգադրության են սպասում կայարանում: Ավստրիական երկաթուղիների օպերատորը խոստացել է գերազանցապես Ավստրիայի եւ Գերմանիայի քաղաքացի ուղեւորներին ապահովել սնունդով եւ ըմպելիքներով:

Իտալիայում ամեն օր աճում է կորոնավիրուսով վարակվածների թիվ: Այնտեղ արդեն գրանցվել է մահվան 3 դեպք:

ԱՎԵԼԻՆ