«Այո»-ի մեկնարկային հարցազրույցը մրցակիցներին ահռելի զինանոց տվեց

«Այո»-ի մեկնարկային հարցազրույցը մրցակիցներին ահռելի զինանոց տվեց

Սահմանադրական իրականություն հաստատելու խնդիրն ունի երկու երես։ Մի երեսին Օրենքի տառն է, մյուսին՝ Օրենքի ոգին։ Օրենքի տառն ամբողջովին և փաստացի ուժի մեջ մտցնելուց հետո 2015-ի Սահմանադրությունն իրականություն կդառնա։ Սակայն միայն օրենքի տառը կիրառելով, հնարավոր չէ սահմանադրական իրականություն հաստատել։ Չի կարելի անտեսել մյուս երեսինը՝ արժեքը, կամ ինչպես ասում են՝ օրենքի ոգին, որի բովանդակության մասին խորհրդավոր լռությունը լուրջ կասկածներ է հարուցում։

Համեմատության համար, օրինակ՝ Ֆիլիպ Պետենի նախաձեռնությամբ 1940-ին փոխվեց Ֆրանսիայի սահմանադրությունը. «Ազատություն, Հավասարակություն, Եղբայրություն» հիմարար արժեքները փոխարինվեցին «Հայրենիք, աշխատանք, ընտանիք»-ով։ Միգուցե ֆրանսիացի շարքային Պողոսը չնկատեց այդ փոփոխությունը։ Սակայն բռնազավթումից ազատագրվելուց հետո այն համարվեց Ֆրանսիայի դեմ գործած աններելի հանցագործություն, ինչ համար Պետենը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Ողջունելի է, որ «Այո»-ի կողմն, ի դեմս պարոն Նիկոլ Փաշինյանի, Հանրայինի եթերում անդրադարձավ Սահմանադրական հանրաքվեի խնդրին։ Տարօրինակ է, որ վարչապետը, լինելով «Այո»-ի գլխավոր քարոզիչը, ամբողջովին մնաց օրենքի տառի շրջանակում, և օրենքի ոգու մասին չարտաբերեց ոչ մի խոսք։ Այդպիսով մնում է բաց հարցը, թե արժեքային առումով՝ ի՞նչ է փոխվելու ՍԴ-ն վերակազմավորելուց հետո։

Հարկ է նկատի ունենալ, որ Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ կոչվող հետադիմական ակումբում, որի անդամ երկրների մեծ մասը հակաժողովրդավարական երկրներ են և նկատելի կախում ունեն Ռուսաստանից։ Եթե ապրիլի 5-ին ժողովրդական ջանքով 2015-ի սահմանադրությունն իրականություն դարձնելը ինքնիշխանության նահանջը խորացնելու քողարկված նպատակ ունի, ապա տրամաբանական է, որ «Այո»-ի կողմն ամեն կերպ պետք է խուսափի օրենքի ոգուն անդրադառնալուց։

Հարկ է նկատել նաև, որ պարոն Փաշինյանը ժողովրդավարության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշում արտահայտելիս շրջանցեց մեր և այլ ժողովրդավարական երկրների ընդհանրության քաղաքակրթական նշանակությունը։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ապրիլի 5-ից հետո նահանջ է կատարվելու նաև ժողովրդավարական արժեքներից, ինչը խորթացնելու է Եվրամիությունից և Արևմուտքից։ Այս խորթության առաջին ակնարկը կարող է լինել Վենետիկի հանձնաժողովին չդիմելը։

Այսպիսով՝ «Այո»-ի քարոզարշավի մեկնարկային հարցազրույցը մրցակիցներին տվեց ահռելի զինանոց։ Եվ եթե «Ոչ»-ի կողմը իրավական կռվաններից ու փաստարկներից բացի, կիրառի նաև քաղաքական և մշակութային կռվաններ, ապա ընտրողը կիմանա, թե ինչ լուսավոր կամ մութ օր է սպասվում ապրիլի 6-ին։

Թաթուլ Մկրտչյան

ԱՎԵԼԻՆ