ԵԽԽՎ համազեկուցողները մտահոգված են Ադրբեջանում ցուցարարների հանդեպ բռնությամբ

ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Սթեֆան Շենախը (Ավստրիա) եւ Ռոջեր Հեյլը (Մեծ Բրիտանիա) լուրջ մտահոգություն են հայտնել Ադրբեջանում վերջին իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Turan-ը:

«Մենք խոր մտահոգություն ենք հայտնում խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանների կողմից բռնության էսկալացիայով»,- ասել են նրանք՝ վկայակոչելով խաղաղ ցույցերի մասնակիցներին դաժանորեն ցրելու մասին տեղեկությունները, որոնք համաձայն չեն 2020 թվականի փետրվարի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների պաշտոնապես հրապարակված նախնական տեղեկությունների հետ:

«Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունները ցույցերը լուսաբանող լրագրողների դեմ հարուցված խոչընդոտների եւ նրանց նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունների մասին հատուկ մտահոգություն են առաջացնում: Այս բոլոր դեպքերը պետք է քննվեն, իսկ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, հավելել են համազեկուցողները:

Նրանց առավել մեծ մտահոգությունն է հարուցել չարտոնված բողոքի ցույցի ժամանակ ավելի քան 100  մարդու ձերբակալությունը, իսկ դրա մեկնարկից առաջ՝ արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդներ Իլգար Մամեդովի («ՌԵԱԼ» կուսակցություն), Արիֆ Հաջիլիի («Մուսավաթ» կուսակցություն) եւ Ռուսլան Իզաթլեի (D18 շարժում), ինչպես նաեւ IRFS-ից (Թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտ) Մեհման Հուսեյնովի ձերբակալությունները:

«Պլյուրալիզմի նման ճնշումը միանգամայն անընդունելի է եւ պետք է անմիջապես  դադարեցվի»,- ամփոփել են համազեկուցողները՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով խաղաղ ցույցերը թույլ տալ ժողովրդավարական գործընթացի շրջանակում:

 

ԱՎԵԼԻՆ