Ատոմ Ջանջուղազյանը կարեւորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը փետրվարի 19-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն. Գ. Անդրեա Վիկտորինին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ հետագա համագործակցության հեռանկարները:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը  կարեւորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը, մասնավորապես տարբեր գործիքների միջոցով ցուցաբերվող աջակցությունը: Անդրադառնալով պետական ֆինանսների կառավարման ներկա բարեփոխումներին՝  նախարարը կարեւորել է այդ ոլորտում ԵՄ-ի կուտակած փորձը եւ այն հայկական կողմի հետ կիսելու անհրաժեշտությունը: Խոսելով ԵՄ կողմից իրականացվող ծրագրերից եւ շեշտադրելով դրանց արդյունավետ իրականացումը՝ նախարարը, մասնավորապես, նշել է, որ առաջնային նշանակություն ունեն իրականացվող ծրագրերի հիմքում դրվող  գաղափարներն եւ վերջնարդյունքը:

ԵՄ դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ԵՄ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Նա միաժամանակ, բարձր է գնահատել ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի ռազմավարության շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացը, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից Պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) 2019-2023թթ. բարեփոխումների ռազմավարության ընդունումը:

Կողմերը ընդգծել են նաեւ ՊՖԿՀ ռազմավարության քննարկման նպատակով 2020 թ. հունվարին դոնոր կազմակերպությունների համար կազմակերպված համաժողովի կարեւորությունը եւ պատրաստակամություն են հայտնել երկկողմ առկա համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ փոխգործակցությունը:

ԱՎԵԼԻՆ