Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծը

Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու մասին որոշման նախագիծը: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Դարիա Վոլոդինայի օրենսդրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու վերաբերյալ գրանցվել է փետրվարի 14-ին (№ 3070, 02/14/2020):

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը պարբերականին տված իր մեկնաբանության մեջ պատգամավորի նախաձեռնությունը կարևոր քայլ է անվանել, որը վկայում է մարդասիրության, ճշմարտության եւ արդարության գաղափարներին հետեւողական հավատարմության մասին:

Պարբերականը հիշեցնում է, որ սա վերջին 10 տարվա ընթացքում արդեն չորրորդ օրենսդրական նախաձեռնությունն է: Վերջերս «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել էր հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշման նախագիծը (№ 2376, 05.11.2019): 2013 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան գրանցել էր 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը: №2254ա օրինագծի նախաձեռնողները Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Վիլեն Շատվորյանը, Արսեն Ավակովը եւ Նվեր Մխիթարյանն էին: Իսկ 2015-ի ապրիլի 3-ին Գերագույն Ռադան երկրորդ անգամ գրանցեց պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման նախագիծը (№ 2530, 04/03/2015 ): Այդ ժամանակ խորհրդարանի նախաձեռնությանը տասնյակ պատգամավորներ էին միացել:

ԱՎԵԼԻՆ