Թուրքիայում ՌԴ դեսպանը նոր սպառնալիքներ է ստանում

Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերխովը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումների ֆոնին շարունակում է սպառնալիքներ ստանալ սոցցանցերում:

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ դեսպանը պատմել է այդ սպառնալիքների մասին:

«Օրինակ՝ երեկ երեկոյան և այսօր առավոտյան ստացածս սպառնալիքների մեջ կան այսպիսի արտահայտություններ՝ «Ձեր զինվորների գանգերից երկնաքերեր ենք սարքելու», «Մեր ամեն կաթիլ թափված արյան համար պատասխան եք տալու»:

Ռուս դեսպանը նաև նշել է, որ այդ սպառնալիքները լուրջ չի ընդունում և առնվազն իր անվտանգության համար չի անհանգստանում, քանի որ լավ պաշտպանված է, սակայն մտահոգ է, որ այս ամենից կարող են տուժել ռուս-թուրքական հարաբերությունները:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի դեսպանն արդեն հայտարարել էր սոցցանցերում սպառնալիքներ ստանալու մասին: Դեսպանն ասել էր, որ ինքը ստացել է այսպիսի գրություններ. «Հրաժեշտ տուր կյանքիդ», «Ոչ մեկ քո վրա չի լացելու», «Եկել է քեզ վառելու ժամանակը» և այլն:

Դրանից հետո թուրքական իշխանություններն խստացրել են անվտանգության միջոցառումները Անկարայում Ռուսաստանի դեսպանատան մոտ:

Աղբյուր`  Ermenihaber.am

ԱՎԵԼԻՆ