Կոտայքի մարզի Քասախ գյուղի դաշտամիջյան հատվածում իր ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է 61-ամյա քաղաքացու դին

Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan,com-ի հաղորդմամբ Ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի դաշտում կա ավտոմեքենա, որի կողքին էլ՝ տղամարդու դի։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 61-ամյա Սուրեն Վ-ի դին՝ իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի աջակողմյան հատվածում, մեջքի վրա ընկած վիճակում։

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ Նաիրիի քննչական բաժնի քննիչ Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգողը եղել է Քասախ համայնքի աշխատակազմի ղեկավար Նարեկ Մկրտչյանը։

ԱՎԵԼԻՆ