ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տեւական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում: Քննարկվել է նաեւ Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թալիբանի միջեւ։

Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձեւաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար եւ մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։

Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատեւ զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը

ԱՎԵԼԻՆ