«Այո»-ն թույլ է. պոպուլիստական անմաշ հնարքները, հնարավոր է, չաշխատեն

«Այո»-ն թույլ է. պոպուլիստական անմաշ հնարքները, հնարավոր է, չաշխատեն

Հանրաքվե նախաձեռնողն ու «Այո»-ին աջակցող քաղաքական ուժերը հակասական շեշտադրումներ են անում Սահմանադրության վերաբերյալ, չեն ընդգծվում նաև քաղաքակրթական-գաղափարական ընդհանրությունները։ Քաղաքական մեծամասնությունը ոչ բարյացկամ վերաբերմունքով վանում է երբեմնի և պոտենցիալ դաշնակիցներին։ «Այո»-ին աջակցող ուժերի հասցեին նախկինում հնչեցրած ծանր մեղադրանքները չեն սրբագրվում։ Այսպիսով՝ ակնհայտ է, որ «Այո»-ի ճամբարը գաղափարական, կազմակերպչական առումներով թույլ է։ Բայց «Այո»-ն ուժեղ է մեկնարկային ժողովրդականության առումով, շնորհիվ՝ պոպուլիստական և մանիպուլյատիվ անմաշ հնարքների, որոնք, սակայն, հնարավոր է, լրիվ չաշխատեն։

2018-ի ապրիլ-մայիսին Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը ժողովրդական աջակցություն ցուցաբերածների մի մասն ակնկալում էր, որ նոր իշխանությունները անկախությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում արմատական բարեփոխումներ կիրականացնեն, ապահովելով Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական առաջընթացը։ Բայց ժողովրդական հույսերը չիրականացան, ինչի արդյունքում որոշ մարդիկ հիասթափվեցին։

Հեղափոխական ոգևորությունը կրկին բարձրացվեց 2018-ի հոկտեմբերի 2-ին։ Կառավարությունից հեռացվեցին հեղափոխությանն աջակցություն ցուցաբերած խորհրդարանական ուժերը, որոնք իբր խանգարում էին բարեփոխումներին։ 2018-ի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթի ընտրապայքարի գլխավոր խնդիրը կրկին նույն բարեփոխումներն էին։ Բայց միատարր կառավարություն կազմելուց հետո էլ սայլը չշարժվեց, ինչը ընկալվեց ոչ համարժեք վերաբերմունք ժողովրդի նկատմամբ։

Բարեփոխումների վերջին խոչընդոտը հայտարարվեց ՍԴ-ն։ «Այո»-ի կողմնակիցները պնդում են, որ այն կհաղթահարվի Ապրիլի 5-ին, երբ ընտրողն «Այո» կասի Սահմանադրական հանրաքվեին, կփոխվի Սահմանադրության անցումային հոդվածը, ՍԴ-ի մասին սահմանադրական հոդվածները կմտնեն ուժի մեջ, և կունենանք երազանքի Սահմանադրություն։ Բայց եթե Ապրիլի 5-ից հետո էլ բարեփոխումները հետաձգվեն, ապա դա կարող է չներվել ժողովրդի կողմից, ինչպես թվարակված դրվագներում։ Ավելի կոշտ արձագանք կլինի, երբ «Այո»-ն պարտվի կամ հանրաքվեն տապալվի, ինչը հնարավոր է, քանի որ «Այո»-ն ներկայում թույլ դիրքում է։

Հետևաբար՝ «Այո»-ն ուժեղացնելու համար անհրաժեշտ են ոչ թե խոստումներ, ինչպես եղել են վերը թվարկած դրվագներում, այլ կոնկրետ նախաձեռնություններ, որոնք իրական առաջանցիկ արդյունք կապահովեն բարեփոխումների հարցում։ Իսկ «Այո»-ի հաղթանակի բավարար պայմանը կլինի այն քաղաքական ուժերի բարոյական և գործուն աջակցությունը, որոնք համոզված էին և այսօր էլ համոզված են, որ 2015-ին ընդունվածը Երազանքի սահմանադրություն է, և որը լիակատար ուժի մեջ մտցնելու մասին է Ապրիլի 5-ը։

Թաթուլ Մկրտչյան

ԱՎԵԼԻՆ