Հայաստանի նոր կառավարությունը, ստանձնելով պարտավորություններ, առճակատվում է հին բեռի հետ. Կլարա Գեյվիցը` Փաշինյանին

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամ, որտեղ «Տեւական համագործակցություն նոր նախանշանների ներքո, Հայաստան-Գերմանիա հարաբերություններ» խորագրով հանդիպում է ունեցել ԳԴՀ գիտական, փորձագիտական շրջանակների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիմնադրամի համանախագահ, նախագահության խորհրդի անդամ Կլարա Գեյվիցը շնորհակալություն է հայտնել վարչապետին հիմնադրամ այցելելու եւ փորձագիտական շրջանակներին Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնելու պատրաստակամության համար:

«Հայաստանը միշտ եղել է տարբեր մշակույթների խաչմերուկում, սակայն պահպանել է իր ինքնությունը։ Այսօր էլ Հայաստանը քաղաքական կարեւոր դերակատարում ունի։ Տեսնում ենք, որ բարի դրացիական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ-ի անդամ երկիր է եւ միաժամանակ ԵՄ֊ի հետ ունի ստորագրած համապատասխան համաձայնագիր»,- ասել է Կլարա Գեյվիցը` արձանագրելով, որ Գերմանիան լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ եւ կարեւոր է համարում համագործակցության խորացման հնարավորությունները։ Կլարա Գեյվիցը նկատել է, որ Հայաստանը կարող է դառնալ գրավիչ երկիր արտասահմանյան ներդրողների համար։

«Նոր կառավարությունը, ստանձնելով պարտավորություններ, առճակատվում է հին բեռի հետ։ Համոզված ենք, որ դյուրին չէ փոփոխություններին հասնելը, եւ մենք կարող ենք մեր նպաստը բերել այդ զարգացումներին», – ասել է Կլարա Գեյվիցը` հիշեցնելով, որ հիմնադրամն ունի ներկայացուցչություն Հայաստանում եւ տարբեր միջոցառումների շրջանակում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանին։

ԱՎԵԼԻՆ