Հայաստանում 2-3 տարվա ընթացքում ՆԳՆ կձեւավորվի. Արդարադոտւթյան նախարարություն

Հայաստանում 2-3 տարվա ընթացքում Ներքին գործերի նախարարություն կամ այլ անվանումով նախարարություն կձեւավորվի, որը կհամակարգի Ոստիկանության գործունեությունը: Այս մասին փետրվարի 13-ին Ոստիկանությունում բարեփոխումների թեմայով քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարարությանն առընթեր միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը:

Ըստ նրա՝ սա կապված է երկրի դատաիրավական համակարգի բարեփոխումների ամբողջ համալիրի հետ: «Բարեփոխումները պետք է ուղղված լինեն նրան, որ Ոստիկանությունը դառնա ապաքաղաքական մարմին, չսպասարկի գործող իշխանությունների շահերը, այլ զբաղվի իրավակարգի պահպանության հարցերով: Դրանից բացի, բարեփոխումը կարեւոր է խորհրդարանի առջեւ հաշվետվության մեծացման տեսանկյունից»,- նշեց Հովսեփյանը:

Նա հավելեց, որ որոշ հանցագործություններով նախաքննության գործառույթները կփոխանցվեն Ոստիկանությանը, ինչը դրականորեն կանդրադառնա հանցագործությունների բացահայտվելիության մեծացման վրա եւ կբացառի գործառույթների կրկնումը, որոնք իրականացնում է Քննչական կոմիտեն: «Այս հարցը մշակման փուլում է: Միջազգային գործընկերների հետ խորհրդակցություններ են տարվում այն ուղղությամբ, թե ինչպիսի մեխանիզմներ կիրառվեն այս հարցում Ոստիկանության եւ ՔԿ գործառույթները տարանջատելու համար»,- շեշտեց պաշտոնյան:

Նա պարզաբանեց, որ ծավալուն աշխատանք է կատարվելու ոստիկանի կերպարը փոխելու համար, «որը երկրի դեմքն է եւ իմիջ է ձեւավորում», ինչն ուղղակիորեն կապված է տուրիզմի եւ ներդրումների ցուցանիշների հետ: «Դրա համար Ոստիկանության ակադեմիայում պետք է ստեղծվի կրթական ծրագիր, դրանից բացի, կկազմակերպվի համապատասխան չափանիշներով ընտրություն Ոստիկանության գործող աշխատակիցների եւ այն անձանց համար, ովքեր ցանկանում են նրա շարքերը համալրել: Այնուհետեւ կկազմակերպվեն 4-ից մինչեւ 6 ամսով վերապատրաստման դասընթացներ նրանց համար, ում ընտրել են: Ընտրության համակարգը թույլ կտա այնպիսի կադրային ռեսուրս ստանալ, երբ, օրինակ, հնարավոր կլինի հսկիչ անցակետերը կամ սահմանապահ այլ կետերն ապահովել աշխատակիցներով, որոնք անհրաժեշտ հմտություններ ունեն եւ տիրապետում են օտար լեզուների»,- ասաց Հովսեփյանը:

Բարեփոխումներ կանցկացվեն նաեւ պարեկային ծառայությունում, եւ դա, ըստ իշխանությունների մտահղացման, նախնական ժամանակահատվածում կնպաստի նախաքննությանը: «Դրանից բացի, ստեղծվելու են օպերատիվ կենտրոններ, ինչը կմեծացնի Ոստիկանության գործողությունների շարժունությունը, ինչպես նաեւ համայնքային կամ մունիցիպալ ոստիկանություն, որը ժողովրդավարական երկրում ծայրահեղ անհրաժեշտություն է: Ինչ վերաբերում է Ոստիկանական զորքերին, ապա դրանք խաղաղ ժամանակ կփոխանցվեն քաղաքացիական մարմինների ենթակայությանը»,- նշեց նա:

Պաշտոնյան պարզաբանեց, որ զուտ ոստիկանական գործառույթները վարչականից կառանձնացվեն, որոնց են դասվում վիզաների, անձնագրերի, վարորդական վկայականների, ավտոմեքենաների համարների տրամադրումը, եւ այս հարցերով կզբաղվի առանձին գերատեսչություն, որը կենթարկվի Ոստիկանությանը: «Կվերանայվեն նաեւ աշխատակիցների աշխատավարձերը եւ սոցիալական երաշխիքները: Բարեփոխումն ինքնին ենթադրում է նաեւ կառուցվածքային փոփոխություններ եւ հնարավոր է՝ կրճատումներ»,- ամփոփեց ԱՆ խորհրդականը:

 

ԱՎԵԼԻՆ