«Սև-սպիտակի» հակադրությունից դուրս․ կյանքն ապրիլի 6-ին շարունակվելու է.Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սև-սպիտակի» հակադրությունից դուրս․ կյանքն ապրիլի 6-ին շարունակվելու է

Ես բացարձակապես խնդիր չունեմ մարդկանց հետ, ովքեր սահմանադրական առաջիկա հանրաքվեում ունեն հստակ դիրքորոշումներ ու մոտիվացնում են դրանք։ Դիրքորոշումների բազմազանությունը հենց դեմոկրատիայի հիմքն է, որն, անշուշտ, տարբեր է «սևերի» ու «սպիտակների հակադրության մասին քաղաքական դալտոնիզմի տրամաբանությունից։
Ես ու իմ ղեկավարած նորաստեղծ կուսակցությունն այն դիրքորոշումն ունենք, որ հանրաքվեն՝ որպես խնդրահարույց հարցերը կարգավորող ինստիտուտ, ամենաարադյունավետն է, խնդիր չունենք նաև համաժողովրդական քվերկության դրվող հարցի բովանդակության հետ․ ՍԴ-ում կա ճգնաժամ, որը պետք է հանգուցալուծվի։
Մեր խնդիրներն այլ տեղ են՝ Սահամադրության հատվածական բարեփոխումը չի բերելու ճգնաժամի հաղթահարմանը, չի կարելի հանրաքվեն անցկացնել միջազգային կառույցների հետ հակադրության համատեքստում, այլ խոսքով՝ կարևորում ենք Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն ստանալը։
Հենց այս հարցերի հստակ պատասխանները չունենալու պատճառով էլ մենք մեզ դուրս ենք դրել ԱՅՈ-ի և ՈՉ-ի ակտիվ ու ոչ պրոդուկտիվ հակադրության համատեքստից։
Այս հարթության վրա այս հարցում ԲՀԿ-ի դիրքորոշումն ինձ հարազատ է և, ես դրանում իշխանության հետ քաղաքական առևտրի որևէ բաղադրիչ չեմ տեսնում՝ ինչպես այսօր պնդել է թերթերից մեկը։
Երկրին լեգիտիմության առումով անթերի հանրաքվե է պետք, որի ընթացքում պետք է մարմնավորիվի ժողովրդի կամքը։ Ինչքան հասկանում եմ՝ սա է ԲՀԿ-ի կրեդոն, ինչի հետ մենք միանգամայն համաձայն եմ։
Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի նախօրեի լայվից հասկացանք, որ առաջիկա հանրաքվեի քարոզարշավն ընթանալու է հեղափոխականների ու հակահեղափոխականների, «սևերի» ու «սպիտակների» հակադրության համատեքստում, ինչի հետևանքով դարձյալ զոհաբերվելու է ապագայի օրակարգը․ քարոզչական այդ պատերազմը ձեռնտու է զարգացման տեսլական չունեցող հեղափոխության թիմին ու անցյալով ապրող, ռեստավրացիային ձգտող նախկիններին, սակայն ոչ՝ երկրին ու հասարակությանը։
Չի կարելի մարդկանց, քաղաքական ուժերին մեղադրել, որ չեն ուզում «սևանալ» կամ «սպիտակել», մանավանդ, որ գործ ունենք արհեստական, դիսկրիմինացիոն «գունաբաժանման» հետ։
Երկրին ապագայի օրակարգ է պետք՝ «սև-սպիտակի» հակադրությունից դուրս․ կայնքն ապրիլի 6-ին շարունակվելու է։
Նման տեսլականի կրող ենք ես ու մեր կուսակցությունը, վստահ եմ՝ նաև ԲՀԿ-ն։

ԱՎԵԼԻՆ