Կայացել է Արմեն Սարգսյանի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպումը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Արքայական Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիի հանդիպումը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ասել է, որ Հորդանանի թագավորի այցը պատմական է եւ հույս է հայտնել, որ շատ այլ առիթներ կլինեն Նորին Արքայական Մեծությանը հյուրընկալելու Հայաստանում: «Մեր երկու ժողովուրդներն էլ հին են: Ձեր ազգը ներկայացնում է իսլամի էությունն ու առանցքը, Դուք, Նորին Մեծություն, ինչպես նաեւ Ձեր ընտանիքը ներկայացնում եք Մուհամմադ մարգարեի սերունդը: Հայաստանը՝ որպես աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիր, ոչ միայն լավ հարաբերությունների մեջ է Հորդանանի հետ, այլեւ, մենք շատ բաներ կարող ենք անել միասին»,-ընդգծել է Հայաստանի նախագահը:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն ներուժը, որին ապագայում կարող են հասնել երկու երկրները, շատ ավելի մեծ է լինելու, քան կա այժմ:

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդն ասել է, որ երկու երկրներին միավորում են լավ բարեկամությունը, պատմությունը: «Մեծ հարգանք ենք տածում ամենահին քրիստոնյա եկեղեցու նկատմամբ, որը ներկայացված է ոչ միայն Երուսաղեմում, այլ նաեւ մեր երկրում: Այն ներկայացնում է մեր անցյալի մեծ մասը, եւ ոչ միայն մեր ներկայի, այլեւ ապագայի գեղեցիկ մասն է»,-ընդգծել է նա:

Աբդալլահ Երկրորդը ջերմությամբ է հիշել նախագահ Արմեն Սարգսյանի այցը Հորդանան:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի քաղաքացիների համար Հորդանան մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ կրկնակի հարկումը բացառելու մասին պայմանագրի ստորագրման հարցը:

Զրուցակիցները նշել են, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության եւ առողջապահության ոլորտներում: Կարեւորվել է արդեն իսկ գործող ուսանողների փոխանակման ծրագրի ընդլայնումը, ինչպես նաեւ ուղիղ օդային հաղորդակցության բացումը երկու երկրների մայրաքաղաքների՝ Երեւանի եւ Ամմանի միջեւ:

ԱՎԵԼԻՆ