Վանաձորի 57-ամյա բնակչի սպանության գործով բացահայտվել է հանցագործություն կատարած իրական անձը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում  պարզվել է Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի առերեւույթ սպանություն  կատարած իրական անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2020 թվականի փետրվարի 5-ին Վանաձոր քաղաքի բնակչուհին իրենց պատկանող  տնակում հայտնաբերել էր ամուսնու դին՝ բռնության հետքերով, ինչի մասին հայտնել էր ոստիկանությունը։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ իրականում  առերեւույթ սպանությունը կատարել է ոչ թե 20-ամյա երիտասարդը, ով ձերբակալվել էր առերեւույթ սպանությունը կատարելու կասկածանքով, այլ` նույն քաղաքի 32-ամյա բնակիչը, ով որպես վկա իր ցուցմունքում 20-ամյա երիտասարդին մեղադրել էր նշված սպանությունը կատարելու մեջ, այնուհետեւ` դիմել փախուստի։

Որոշում է կայացվել 20-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իսկ 32-ամյա տղամարդուն` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) եւ 333-րդ (սուտ մատնություն) հոդվածների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին,  նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

ԱՎԵԼԻՆ