Ե՞րբ տեղի կունենա սահմանադրական հանրաքվեն եւ ինչ է լինելու քվեաթերթիկի վրա. պարզաբանում է Տիգրան Մուկուչյանը

«Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված է դրույթ, որով սահմանված են հանրաքվեի անցկացման ժամկետի սկիզբ եւ ժամկետի ավարտ՝ 50-65 օր. թե կոնկրետ որ օրը կնշանակվի, դա արվում է ՀՀ նախագահի կողմից: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա ընդգծեց, որ քվեաթերթիկի վրա պետք է նշվի հարցը, պետք է նշվի «կողմ» եւ «դեմ» նշումներ կատարելու հատվածները:

Հարցին, թե ինչպես է աշխատում ժամանակին իրեն սուր քննադատության ենթարկած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաշվի առնելով, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքում նա համարվում է նախորդ ռեժիմի ներկայացուցիչ, նաեւ մեղադրվում է ընտրակեղծիքների հայր լինելու մեջ, Մուկուչյանը պատասխանեց. «ԿԸՀ-ն անկախ հանձնաժողով է, որի կարգավիճակը սահմանված է Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով: Կա ընտրական օրենսգիրք, որի կանոնակարգումներին համապատասխան մենք կազմակերպում ենք ընտրական գործընթացը: Ինչպիսին այդ կանոնակարգումներն են, դրան համապատասխան էլ կազմակերպվում է ընտրական գործընթացը»:

Հարցին, թե ինքն անկախ է եղել նաեւ նախորդ իշխանությունների օրո՞ք, ԿԸՀ նախագահն արձագանքեց. «Մենք աշխատել ենք միշտ հիմնառանցք ունենալով օրենսդրական կարգավորումները»:

Նշենք, որ Տիգրան Մուկուչյանն ԱԺ-ում հանդիպել է պետաիրավական հանձնաժողովի անդամների, նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը որոշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դնել համաժողովրդական հանրաքվեի: ԱԺ-ն նախ չընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ապա «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկեց քննարկել Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու Ազգային ժողովի որոշումը, որն էլ ընդունվեց խորհրդարանի կողմից:

ԱՎԵԼԻՆ