Թամարա դե Լեմպիցկայի կտավը Լոնդոնում վաճառվել է ռեկորդային 21 մլն դոլարով

Թամարա դե Լեմպիցկայի (1898-198) կտավը Լոնդոնում վաճառվել է 16,3 մլն ֆունտ սթեռլինգով (21 մլն դոլար), ինչն ամենաբարձր գինն է դարձել, որը երբեւիցե վճարվել է այդ լեհ ու ամերիկացի նկարչուհու աշխատանքի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Christie’s աճուրդի տանը:

Ռեկորդային գումարը վճարվել էր 1932 թվականին դե Լեմպիցկայի կողմից արված «Մարջորի Ֆերիի դիմանկարը» կտավի համար: Այն նկարչուհու կողմից ստեղծվել է ամուսնու՝ փարիզյան կաբարեի աստղ Մարջորի Ֆերիի պատվերով, երբ դե Լեմպիցկան գտնվում էր իր կարիերայի բարձրակետում եւ հռչակվել էր մոդեռնիզմի արվեստի գլխավոր ներկայացուցիչ:

Աճուրդի տունը նշել է, որ Վարշավայում ծնված նկարչուհին աճուրդի պատմության մեջ առաջին կինն է դարձել, ում կտավն ամենաթանկն է դարձել իմպրեսիոնիստների աճուրդներում: Կտավի սկզբնական գնահատման արժեքը 8-12 մլն ֆունտ սթեռլինգ էր (10-16 մլն դոլար):

Այդ երեկո թոփ լոտերից է դարձել Ռենե Մագրիտի (1898-1967) «Հաճույքին ընդառաջ» շեդեւրը: 1962 թվականին ստեղծված կտավը 50 տարի գտնվել է մասնավոր հավաքածուում եւ առաջին անգամ ներկայացվել է աճուրդում: Այն գտել է իր նոր տիրոջը եւ վաճառվել է 18,9 մլն ֆունտ սթեռլինգով (25 մլն դոլար): Բելգիացի նկարչի եւս 6 կտավ վաճառվել է ընդհանուր առմամբ 9,6 մլն ֆունտ սթեռլինգով (12,5 մլն դոլար):

Շվեյցարացի քանդակագործ Ալբերտո Ջակոմետիի (1901-1966) աշխատանքը վաճառվել է 11,3 մլն ֆունտ սթեռլինգով (14,6 մլն դոլար), Պամբլո Պիկասոյի (1881-1973) 3 նատյուրմորտները՝ 13,4 մլն ֆունտ սթեռլինգով (17,5 մլն դոլար): Ընդհանուր առմամբ, ստացվել է շահույթ 106,8 մլն ֆունտ սթեռլինգի չափով (139 մլն դոլար):

 

ԱՎԵԼԻՆ