Չինաստանում կարանտինի գոտում գտնվող ՀՀ 11 քաղաքացիներից մեկը տարհանվել է, եւս մեկը կտարհանվի. ԱԳՆ

Այս պահի դրությամբ Չինաստանում ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկատվություն չի ստացել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳՆ Հյուսիսարեւելյան Ասիայի երկրների բաժնի վարիչ Մնացական Սաֆարյանը:

Հարցին, թե Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայաստան տեղափոխվելու համար քանի՞ ՀՀ քաղաքացի է  գրանցվել (կամ կա՞ն արդյոք այդպիսիք), եւ վերջին շրջանում քանի՞սն են տեղափոխվել Հայաստան, նա պատասխանել է. «Չինաստանում ՀՀ դեսպանատան  տարածած տեղեկատվությանը փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել են շուրջ 600 ՀՀ քաղաքացի, որոնց տվյալները գրանցվել են ՀՀ դեսպանության կողմից:

Մեր քաղաքացիների կողմից բարձրացվել են տարաբնույթ հարցեր, որոնց դեսպանությունը պատասխանում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հասանելիության տարբեր միջոցներով: Բարձրացվող հարցերի թվում է նաեւ ՀՀ տեղափոխման հնարավորությունը:

Դեսպանություն նաեւ ՀՀ քաղաքացիների տրամադրում է ՉԺՀ իշխանություն կողմից պաշտոնապես շրջանառվող ծանուցումները, որոնք վերաբերում են ՉԺՀ-ում բնակվող օտարերկրացիներին: ՉԺՀ տարածքում կարանտինի գոտում գտնվող 11 ՀՀ քաղաքացիներից մեկն արդեն իսկ տարհանվել է ՉԺՀ տարածքից: Առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում կտարհանվի տարհանվելու ցանկություն հայտնած եւս մեկ ՀՀ քաղաքացի: Կարանտինի գոտում գտնվող մնացած ՀՀ քաղաքացիները հրաժարվել են տարհանվելու հնարավորությունից:

Նշենք, որ տարհանումը իրականացվում է կամավոր սկզբունքով: Ներկա փուլում կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանություն եւ ՀՀ ԱԳՆ-ն ներկայումս ամբողջացնում են այն հարցերի շրջանակը, որը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն տեղափոխվելու Հայաստան, սակայն, առերեսվում են վերջին օրերին ի հայտ եկող տրանսպորտային եւ այլ խնդիրների հետ կապված դժվարությունների: Այս խնդիրների շուտափույթ լուծումները ներկայումս քննարկվում է ՀՀ տարբեր գերատեսչությունների հետ համակարգմամբ:

ՀՀ ԱԳՆ տվյալների համաձայն՝ ՉԺՀ տարածքից վերջին տասը օրերին ընթացքում Հայաստան են վերադարձել շուրջ 200 ՀՀ քաղաքացիներ:

 

 

 

ԱՎԵԼԻՆ