Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Քննարկվել են ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, առկա խնդիրներին եւ անելիքներին առնչվող հարցեր:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Պետնախարար Մարտիրոսյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի անվտանգության եւ սոցիալ-տնտեսական առաջընթացի համար, ինչն արտացոլվել է ոլորտում պետական քաղաքականության ռազմավարության մեջ:

«2019թ. թողարկվող էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցվել է տարեկան 480 մլն կՎտ.ժ-ի, 2018 թվականի համեմատ աճը կազմել է մոտ 25 տոկոս: Վերջին 5 տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում արձանագրվել է միջին տարեկան աճ 12,8 տոկոսի չափով, ներկայումս այն ապահովում է հարկային եկամուտներ պետբյուջե տարեկան շուրջ 2 միլիարդ դրամի չափով: Էներգետիկ անկախության ուղղությամբ տարվող հետեւողական աշխատանքում ուրույն տեղ ունի նաեւ սոցիալական բաղադրիչը. ոլորտում ներգրավված է մոտ 500 աշխատող», – իր ելույթում նշել է պետական նախարարը՝ հավելելով, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացում կառավառությունը մշտապես առաջնորդվում է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությաններով:

Խորհրդակցության ընթացքում հնչած կարծիքների ու առաջարկությունների հիման վրա եւ հաշվի առնելով հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ մասնագիտական հիմնավորումների հանրային պահանջը՝ պետական նախարարը հայտարարել է մասնագիտական հանձնաժողով ստեղծելու որոշման մասին:

Պետական նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը լինելու է առավելագույնս թափանցիկ, եւ դրա կազմում կընդգրկվեն հասարակական հատվածի, մասնագիտական եւ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունից:

Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է ԱՀ բնապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարությանը սեղմ ժամկետներում առաջարկություն ներկայացնել հանձնաժողովի կազմի վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցում էին էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների, բնապապահպանության եւ բնական ռեսուրսների նախարարները, Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

ԱՎԵԼԻՆ