Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարեւոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղին. Արայիկ Հարությունյան

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարեւոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումը: Այս մասին Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում նախօրեին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ վերաբնակեցման ուղղությամբ եւս շրջադարձային փոփոխություններ են սպասվում:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարեւոր երակը պետք է լինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղու կապիտալ կառուցումն ու ասֆալտապատումը: Դա մեր քաղաքական թիմի տեսլականն է՝ հանրապետության հարավային թեւի զարգացման հետ կապված: Օրեր առաջ Քաշաթաղի շրջանի Որոտան քաղաքում կուսակցական ակտիվի հետ հանդիպմանը հայտարարել եմ, որ սպասվող համապետական ընտրություններում հաջողության հասնելու պարագայում դա կդառնա մեր առաջնահերթ ծրագրերից մեկը:

Վարդենիս-Մարտակերտ մայրուղու օրինակով համոզվեցինք, որ շատ կարճ ժամանակում այն էականորեն փոխեց տարածաշրջանի բնակավայրերի զարգացման ընթացքը: Արցախի հարավային թեւը եւս ունի չիրացված տնտեսական հսկայական պոտենցիալ, որի օգտագործման համար բարեկարգ ճանապարհը կարեւորագույն դերակատարում է ունենալու:

Հանդիպման ընթացքում հայտարարել եմ, որ վերաբնակեցման ուղղությամբ եւս շրջադարձային փոփոխություններ են սպասվում: Մեր նպատակն է բնական աճի եւ հայրենադարձության ծրագրերի վերանայման արդյունքում մինչեւ 2030թ.-ը Արցախում բնակչության թիվը 150 հազարից հասցնել 200 հազարի: Համոզված եմ, որ այն իրատեսական է եւ հաջողությամբ կպսակվի:

Ոգեւորված եմ, որ մեր հավակնոտ ծրագրերին ոչ պակաս համարձակությամբ իրենց գործուն աջակցությունն են հայտնել Որոտանի ենթաշրջանից «Ազատ հայրենիք»-ի շարքերն այդ օրը համալրած ավելի քան 100 մեր հայրենակիցներ:

Շարունակե՛նք նախաձեռնածը՝ կերտե՛նք հզոր ու միասնական Հայրենիք»,- գրել է Ա. Հարությունյանը:

ԱՎԵԼԻՆ