Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման ծրագիրը դրական եզրակացություն է ստացել հանրաճանաչ «Թայեքս»-ի կողմից

Փետրվարի 10-ին Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության փորձագիտական խումբը:

Դեռեւս 2019 թվականի սկզբին Կադաստրի կոմիտեն կապ էր հաստատել Նիդերլանդների Թագավորության կադաստրի, հողերի հաշվառման եւ քարտեզագրման գործակալության հետ (Kadaster)՝ համատեղ ծրագիր իրականացնելու նպատակով, որի արդյունքում մշակվել եւ նիդերլանդական կողմին էր ներկայացվել արխիվների թվայնացման թեմայով համատեղ ծրագրի նախագիծ: Գրեթե մեկ տարի տեւած քննարկումների արդյունքում նախագիծը դրական եզրակացության է արժանացել Նիդերլանդների Թագավորության ձեռնարկությունների գործակալության կողմից:

Սկզբնական փուլում հիմնական շեշտը դրված է մեթոդաբանության եւ թվայնացման ռազմավարության համատեղ ջանքերի իրականացման վրա:

Դեռեւս նախորդ տարվա հոկտեմբեր ամսին Եվրամիության՝ տեխնիկական աջակցության եւ տեղեկությունների փոխանակման «Թայեքս» ծրագրի շրջանակում եռօրյա այցով Հայաստանում էին փորձագետներ Պաուլա Դիժկստրան եւ Քրիստիան Լեմմենը: Եռօրյա այցի ընթացքում փորձագետները Կոմիտեի արխիվի մասնագետներին ներկայացրեցին իրենց հաջողված փորձը` թվայնացված արխիվների օգտագործման, պահպանման վերաբերյալ:

Նախագծի առաջին փուլի գործնական մեկնարկը նախատեսված է 2020 թվականի փետրվարի 10-ին, երբ Նիդերլանդներից կժամանի փորձագետների առաջին խումբը: Առաքելության ընթացքում կիրականացվի կարիքների գնահատում, փորձագետների կողմից կպատրաստվի համապատասխան ամփոփիչ զեկույց, որի հիման վրա կկայացվի նախագծի հետագա շարունակության նպատակահարմարության վերաբերյալ որոշում:

Նախատեսվում է նաեւ Կոմիտեի մի շարք մասնագետների վերապատրաստումը Նիդերլանդների Թագավորությունում:

ԱՎԵԼԻՆ