Ռուսական Արմավիրի ստադիոնն անվանակոչվել է Նիկիտա Սիմոնյանի պատվին

Ռուսական Արմավիրի «Յունոստ» ստադիոնը անվանակոչվել է Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ, 93-ամյա Նիկիտա Սիմոնյանի պատվին, հաղորդում է ռուսական Ֆուտբոլային ազգային լիգայի կայքը։ Միաձայն որոշումն ընդունել է Արմավիրի քաղաքային դուման։ Այս ստադիոնում հանդես է գալիս Առաջին դիվիզիոնը ներկայացնող «Արմավիր» ակումբը։

Արմավիրը լեգենդար ֆուտբոլիստի եւ մարզիչի ծննդավայրն է։ Նա այս քաղաքի պատվավոր քաղաքացի է։

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Սիմոնյանը խաղացել է Սուխումիի «Դինամոյում», Մոսկվայի «Կռիլյա Սովետովում» եւ «Սպարտակում», որի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն եւ կրկնակի գավաթակիր: Նա 160 գոլով «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկուն է:

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում լեգենդար հարձակվողը ոսկե մեդալի է արժանացել Մելբուրնի 1958թ. Օլիմպիական խաղերում, մասնակցել է 1958-ին Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությանը: 2000-ին Սիմոնյանը ՖԻՖԱ-ի շքանշան է ստացել ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար:

Մարզչական կարիերայի ընթացքում Նիկիտա Սիմոնյանը 1973-1974-ը գլխավորել է Երեւանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն: Նա «Արարատում» աշխատել է նաեւ 1984-1985-ին:

ԱՎԵԼԻՆ