«Սա կբեռնաթափի Երեւանը». Մալաթիա-Սեբաստիան Շենգավիթին կապող նոր ճանապարհի շինարարությունը ձմռանը չի դադարել

Երեւանի օղակաձեւ ճանապարհի արեւմտյան հատվածում, չնայած ձմեռային տարեշրջանին, շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։

Երեւանի քաղաքապետարանից  հայտնում են, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհը կունենա 2.7 կմ երկարություն, 4-6 երթեւեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Այն իրար կկապի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները: Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Սա մեր կարեւորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը, նաեւ տա այլընտրանքային ճանապարհներ՝ քաղաքի տարբեր հատվածներ հասնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտային այն միջոցների քանակը, որը ներկրվեց վերջին երկու տարվա մեջ, սա ավելի քան անհրաժեշտություն է, սա արդեն կենսական խնդիր է Երեւանի համար»,- նշում է քաղաքապետը:

Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարեվերջին՝ Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» տրանշ 2-ի ֆինանսավորմամբ։

Մայրաքաղաքի երթեւեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Որպես առանցքային քայլ՝ քաղաքապետ Մարությանը նաեւ տրանսպորտային նոր ցանցի ներդրումն է համարում:

«Քաղաքը բեռնաթափելն այսօր բոլոր մեծ քաղաքների խնդիրն է, եւ Երեւանը նույնպես դուրս չմնաց այդ ցուցակից: Այստեղ լուծումը միայն ճանապարհաշինությունով չի ավարտվում. լուծումները պետք է համալիր լինեն: Ինձ համար, նաեւ ամբողջ աշխարհում դա այդպես է՝ այդ ամեն ինչի առանցքում ընկած է տրանսպորտային ցանցը: Ուստի, մենք այս ճանապարհաշինությանը համատեղ, զուգահեռ պետք է շատ կոնկրետ եւ արագ լուծում տանք մեր նոր տրանսպորտային ցանցի խնդրին: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռաբար ավարտենք»,-նկատում է Հայկ Մարությանը:

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը ներառում է նաեւ Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ եւ 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաեւ մեկ ուղեանց՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հատման ճանապարհային հանգույցում։ Այս պահին շինարարները կառուցում են կամրջի հիմքերը: Նոր կամուրջն, ի դեպ, կունենա անձրեւաջրերի մաքրման հատուկ կայան, որը հնարավորություն կտա զտել անձրեւաջրերը՝ դրանք գետ լցնելուց առաջ:

Ծրագրի ընթացքում կտեղափոխվեն անհրաժեշտ բոլոր հաղորդուղիները, իսկ լուսավորության համակարգում կտեղադրվեն էներգախնայող LED լուսատուներ: Իսպանական «Լեւանտինա ինխենեյրիա կոստրուցիոն» ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին վստահեցնում է, որ աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում: Շինարարությունը կտեւի 21 ամիս:

Դեպի Արգավանդի խճուղի ձգվող ճանապարհն այնուհետ կմիանա Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածին: Ճանապարհի այդ հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 4-6 երթեւեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ:

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2020թ.: Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն եւ իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային եւ հարավային մուտքերը:

 

ԱՎԵԼԻՆ