COBRAIN ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. փոխվարչապետ

Ինչպես ասել է անգլիացի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը, գիտելիքը ուժ է, եւ մեր օրերում դա ավելի քան ակտուալ է։ COBRAIN ծրագիրը թույլ կտա ապահովել ավելի սերտ համագործակցություն եվրոպական համալսարանների եւ գիտական կենտրոնների հետ եւ լավագույն միջազգային փորձը բերել Հայաստան։ Այս մասին Հայաստանում HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթանակի առնչությամբ տեղի ունեցող գիտաժողովի շրջանակում հունվարի 24-ին ասել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Հայաստանը, սահմանափակված լինելով ֆինանսական կապիտալի եւ բնական պաշարների հնարավորություններով, հատուկ նշանակություն է տալիս մարդկային կապիտալի զարգացման մեծ պոտենցիալին, այդ թվում կրթությանն ու բժշկությանը»,- նշել է Ավինյանը։ Նա հույս է հայտնել, որ շնորհիվ COBRAIN ծրագրի իրականացման հայ բժիշկները, որ աշխատում են արտասահմանում, ցանկություն կհայտնեն վերադառնալ հայրենիք եւ զարգացնել բժշկությունը Հայաստանում։ «Ուղեղի հիվանդությունների 90 տոկոսն այսօր անբուժելի է, եւ դա մարտահրավեր է դարձել ողջ աշխարհի, այդ թվում Հայաստանի համար, ուստի այս ծրագիրը, որն ուղղված է ներյրովիրաբուժության զարգացմանը, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի»,- ամփոփել է փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Հայաստանն առաջին անգամ ճանաչվեց HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված լինելով Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանով։ «COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders. A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing» ծրագիրը դարձավ հաղթող՝ ստանալով հնարավոր առավելագույն 96,6 տոկոս միավոր։ Նախագիծը հիմք կհանդիսանա Ուղեղի ուսումնասիրման կենտրոնի նախաձեռնության եւ Հայաստանում Ուղեղի ուսումնասիրման կենտրոնի համապատասխան ենթակառուցվածքի ձեւավորման համար։

ԱՎԵԼԻՆ