Միջազգային ինդեքսների համաձայն ՀՀ-ն համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը. Փաշինյան

«Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019» զեկույցի համաձայն Հայաստանը շարունակել է առաջընթաց գրանցել ժողովրդավարության ոլորտում: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, 2019-ի արդյունքներով Հայաստանն ստացել է 5,54 միավոր նախորդ 4,79 միավորի փոխարեն եւ 17 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ նախորդ 103-րդ տեղի փոխարեն 167 երկրների շարքում զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը:

«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ միջազգային ինդեքսների համաձայն Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաժողովրդավարական պետությունը: Ընդ որում տարածաշրջան ասելով նկատի ունենք ոչ միայն փոքր, այլ նաեւ մեծ իմաստով»,-ասաց նա: Վարչապետը նաեւ հավելեց, որ զեկույցում արձանագրվել է, որ չնայած առաջընթացին, Հայաստանը շարունակում է համարվել այսպես ասած, հիբրիդային ռեժիմ ունեցող երկիր: «Ըստ էության, սա նույնպես կապվում է դատական համակարգում առկա խնդիրների հետ: Այդ բարեփոխումների ճակատագրից է կախված , թե մենք երկու ոլորտներում էլ միջին երկրների սանդղակը երբ կհաղթահարենք եւ կհայտնվենք առաջատար երկրների ցանկում: Մենք պետք է 2020 թվականին հակահոռուպցիոն ոլորտում, որը ուղղակիորեն կապված է դատաիրավական ոլորտում բարեփոխումների հետ, պետք է այստեղ կենտրոնանաք, որ վերջնականապես ճեղքենք այն սահմանը, որ մեզ պահում էմիջին երկրների շարքում: Սա մեզ չի բավարարում»,-ընդգծեց կառավարության ղեկավարը:

Իր հերթին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ այդ ինդեքում երբեք Հայաստանն այդպիսի հորիզոնականում չի եղել. «Հայաստանում ամենաբարձր արդյունքը եղել է 2014 թվականին, երբ միավորը եղել է 37, այսինքն այսինքն երբեք Հայաստանը 42 միավոր չի ունեցել: Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրով նախատեսել ենք, որ 2023 թվականին 55 միավոր է լինելու: Այս զեկույցը ցույց է տալիս, որ դա ավելի քան իրատեսական է:

Որոշ շրջանակների կողմից նշվում է, որ թափանցիկության ապահովումը կարող է ազել ներդրումների վրա, կայունության վրա, մինչդեռ հենց այս ցուցանիշները գալիս են ապացուցելու, որ մեր գործողությունները նպաստելու են կայունությանը եւ ներդրումների համար բարենպաստ միջավայր են ապահովելու»,-ասաց նախարարը:

Փաշինյանն էլ հավելեց. « 2019-ի արդյունքները ցույց տվեցին, որ տնտեսությունը ոչ միայն չի վախենում մեր բարեփոխումներից, այլեւ հակառակը, բարեփոխումներից ոգեւորված շատ մեծ տեմպերով ակտիվություն է ցուցաբերում»:

ԱՎԵԼԻՆ