Եթե պարզվի, որ մարդկանց համար մեր առաջարկը ընդունելի չէ, ապա սպանդանոցների պահանջը կգործի այսօրվանից. Փաշինյան

Որքան հասկանում եմ՝ մեր առաջարկին արձագանքը բացասական չէ հանրության կոնկրետ շրջանակների կողմից: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սպանդանոցների հետ կապված խնդրին:

Վարչապետը ներկայացրեց իրենց առաջարկը, որի մասին խոսել է նաեւ երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ:

«Առաջին, այս պայմանը արձանագրում է, որ մինչեւ փետրվարի 6-ի նիստը կրկին ուսումնասիրում ենք սուբսիդավորվող վարկերի ծրագրերը գյուղատնտեսության ոլորտում, որոնք այսօր էլ կարող են սուբսիդավորել արտոնյալ կարգով սպանդանոցներին եւ պլյուս դրան լիզինգային ծրագրերը, որտեղ պետք է տեղ լինի նաեւ շարժական սպանդանոցների համար, որ հնարավոր լինի գյուղացիների կողմից դրանք ձեռք բերել:

Երկրորդ, կազմվում է Հայաստանում սպանդանոցների բաշխվածության եւ խտության նախընտրելի քարտեզ, եւ մենք հասցեական ֆինանսավորում ենք, այնպես ենք անում, որ այդ սպանդանոցները ունենան խելամիտ բաշխվածություն, որպեսզի լինի համաչափ հասանելիություն:

Երրրոդ, այս ընթացքում ընդունում ենք առաջարկներ, որ ինչ-ինչ նրբություններով կարող ենք հարստացնել այս փաթեթը, որպեսզի առավել արդյունավետ գործի:

Սրա արդյունքում պայմանավորվում ենք, որ մինչեւ հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում գործում են միայն Երեւանի սուպերմարկետներն ու Երեւանում հանրային սննդի օբյեկտները: Մյուս տեղերում իրավիճակը թողնում ենք այնպիսին, ինչպիսին կար նախքան այս կարգավորումը: Բայց պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունը անցնում է սպանդանոցային մորթի նոր համակարգին, եւ որեւէ ցույց չի լինելու:

Եթե այս պայմանը այսօր բողոքի գործողություններ իրականացնող մեր հայրենակիցների համար ընդունելի է, ուրեմն մենք այս որոշումը կկայացնենք: Եթե պարզվի, որ ընդունելի չէ, մենք այդ վարկային ծրագրերը բացելով, պետք է ասենք, որ պայմանն էսօրվանից է գործում: Թող այսօրվանից ընդունելի չլինի»:

Վարչապետը նշեց նաեւ, որ այս ընթացքում պետք է իրազեկել մարդկանց, թե սպանդանոցներն ինչ  պայմաններում են գործում. «Մարդիկ հաճախ չգիտեն, որ սպանդանոցներն ունեն պարտավորություն տեղափոխել մորթի ենթակա կենդանիների գլխաքանակը, եթե գլխաքանակի տերերը նման ցանկություն ունեն»:

Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի:

ԱՎԵԼԻՆ