Ինչու այդ նույն մարդիկ հարց չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ էր դեպքը տեղի ունեցել, նրանք վերաբերմունքի տարբերություններ ունե՞ն.Փաշինյան

Իհարկե, շատ ցավալի դեպք է, եւ եթե չեմ սխալվում Քննչական կոմիտեում քրգործ է հարուցված ինքնասպանության հասցնելու հոդվածով: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան փաստին:

«Սա նշանակում է, որ հիմնական վարկածը, որ քննվում է՝ ինքնասպանության հարսցնելն է եւ ես կարծում եմ, որ դեպքի  հանգամանքները ամբողջությամբ պարզելու գործում պետք է ամենաշատը շահագրգիռ լինեն պարոն Կուտոյանի ընտանիքի անդամները: Նրանք պետք է լիարժեք համագործակցեն նախաքննության մարմնի հետ, որպեսզի ճշմարտությունն ամբողջությամբ եւ 100 տոկոսով բացահայտվի: Ես երաշխավորում եմ, որ կառավարությունն իր բոլոր հնարավոր լծակներից կօգտվի, որ այս գործը մինչեւ վերջին դետալը բացահայտի»,-ասաց Փաշինյանը:

Նա ուշադրություն հրավիրեց նրա վրա, որ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ աղմուկ են բարձրացել, թե կառավարությունը պատշաճ վերաբերմունք չի ցուցաբերել Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ. «Վարչապետին ենթակա ԱԱԾ-ի պատվո պահակախումբն իր ներկայությամբ պատվել է գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը, հուղարկավորության արարողությունը: ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար եւ ԱԱԾ ողջ ղեկավար կազմը մասնակցել է հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողությանը: Մասնակցել է անվտանգության խորհրդի քարտուղարը որպես կառավարության եւ վարչապետի ներկայացուցիչ: Ես լրատվամիջոցի հարցին ի պատասխան ցավակցություն եմ հայտնել Կուտոյանի սգակիր ընտանիքին: Ուրիշ ի՞նչ պետք է աներ կառավարությունը:

Ինչու այդ նույն մարդիկ հարց չէին բարձրացնում, երբ Հայկ Հարությունյանի հետ էր դեպքը տեղի ունեցել: Նրանք վերաբերմունքի տարբերություններ ունե՞ն: Մեզ համար նախկին պաշտոնյաներ են եղել: Ընդ որում, նրանք պաշտոնավարել են առնվազն վիճահարույց շրջաններում, եւ մենք պատշաճ, ինչ պետք է արվեր, արվել է եւ անիմաստ եմ համարում նույնիսկ այդ քննարկումները»,-ընդգծեց Փաշինյանը:

ԱՎԵԼԻՆ