«Որոշել ենք մեր դիրքորոշումից նահանջել». Փաշինյանը՝ Քննիչ հանձնաժողովի ձեւավորումը տապալելու մասին

Երբ քննիչ հանձնաժողովի համար անհրաժեշտ ստորագրություններ հավաքվեց, եւ նաեւ ՔՊ-ն այդ թեմայի շուրջ քննարկում է ունեցել, այդ պահին նաեւ ԱԺ նախագահը համապատասխան հայտարարություն է արել, ինչը արտահայտել է մեր քաղաքական թիմի քաղաքական կամքը, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտվել իրեն ընձեռնված բոլոր հնարավորություններից ու լծակներից: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանադրական եւ քաղաքական մակարդակում հետընթաց է համարում, որ ԱԺ-ում «Իմ քայլը» տապալեց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած՝ քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ձեւավորումը:

Փաշինյանը նշեց, որ դրանից հետո Երեւանի ավագանու «Իմ քայլը» իրավական վերլուծություն է արել եւ դրանով եկել եզրակացության, որ տվյալ դեպքում քննիչ հանձնաժողով չի կարող ձեւավորվել, որովհետեւ Երեւանի քաղաքապետարանն ունի իր խորհրդարանն՝ ի դեմս ավագանու, եւ ավագանու գործունեության մասին կանոնակարգում ֆիքսված է ավագանու լիազորությունը՝ ստեղծել քննիչ հանձնաժողով:

«Ես այդ վերլուծությունն ուղարկել են արդարադատության նախարարություն, որը ինձ ներկայացրել է գրավոր տեղեկանք, որ ավագանու հիմնավորումները իրավական են, ճշգրիտ են:  Այդ իրավիճակում մեր որոշումը եղել է այն, որ պետք է գնանք իրավական ճանապարհով:

Երբ ձեւավորվել է ակնհայտ եւ անհերքելի փաստարկ, մենք որոշել ենք մեր դիրքորոշումից նահանջել եւ գնալ իրավական ճանապարհով, հակառակ դեպքում կխախտեինք իշխանությունների տարանջատման սկզբունքը»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր «Իմ քայլը» տապալեց օրենքի ուժող ստեղծված քննիչ հանձնաժողովի ձեւավորումը, ինչը Էդմոն Մարուքյանը համարեց լուրջ հետընթաց, որը ունենալու է քաղաքական հետեւանքներ:

ԱՎԵԼԻՆ