Կառավարությունում բժշկական ապահովագրության առիթով միասնական տեսակետ չկա

Կառավարությունում բժշկական ապահովագրության առիթով միասնական տեսակետ չկա, առողջապահության նախարարն այդ հայեցակարգը հրապարակել է հանրային բանավեճ հարուցելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, կառավարությունում հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հնչեցրած հարցին:

Մասնավորապես, պատգամավորը հարցրել էր, թե արդյոք արդյունավետ է համապարփակ բժշկական ապահովագրության հայեցակարգի ներդրումը, որը նախատեսում է 6 տոկոսի չափով առողջապահական հարկ մտցնել. «Արդյոք արդյունավետ եք համարում այն մոդելը, որ առաջարկվում է, արդյոք արդարացված եք համարում, որ ֆինանսավորման ամբողջ բեռը դրվել է աշխատող մարդկանց վրա, արդյոք տանելի եք համարում այդ բեռը.,-հարցրեց նա վարչապետին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք խնդիր են ձեւակերպել, որ ՀՀ ոչ մի քաղաքացի չպետք է հիվանդանոցի դռներին մնա. «Մենք այդ խնդիրը պետք է լուծենք: Կառավարությունում այս թեմայով մի քանի անգամ քննարկումներ է եղել, ապահովագրական համակարգ, հարկային համակարգ, երրորդ տարբերակ, եւ մենք այս պահին արձանագրում ենք, որ միասնական տեսակետ կառավարությունում չկա, սա հրավեր է մեզ բոլորիս՝ քննարկելու հարցը: Կառավարությունում կան այլ տեսակետներ, ես ինքս ձեւավորված տեսակետ չունեմ»:

Արկադի Խաչատրյանը նկատեց, որ մինչեւ 150 հազար դրամ ստացողների կյանքում էական փոփոխություն չկա, իսկ եկամտային հարկի նվազեցումը, որ պետք է հասնի 20 տոկոսի, դա «փոխհատուցվելու» է կուտակային վճարների աճով. «Այդ մարդկանց մոտ, որոնք իրականում գերակշիռ մեծամասնություն են, 6 տոկոսը կլինի զգալի ազդակ, որը դժվար է համարել տանելի:

Չեմ կարծում, որ լավագույն մոդելն է ընտրվել: Կա մոդել, որ պետությունն իր վրա վերցնի չաշխատող անձանց բժշկական ապահովագրությունը, ինչը նշանակում է, որ բեռը կբաշխվի ոչ թե միայն աշխատողների վրա, այլ բոլորի վրա հավասարաչափ»,-ասաց նա:

Վարչապետը նկատեց, որ ոչ մի մոդել էլ դեռ չի ընտրվել. կա բանավեճ. «Նվազագույն աշխատավարձը բարձրացել է, որը վերաբերում է 130 հազար մարդու: Մենք գիտենք, որ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներից ոչ բոլորն են, որ իրականում ստանում են 150 հազար դրամ աշխատավարձ: Շատերը ստանում են ծրարով, սեւ աշխատավարձ: 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները առանց աշխատավարձի դրույքաչափի փոփոխության ամեն ամիս 2,5-4 մլրդ դրամ հավելյալ տնօրինվող գումարներ են ունենալու»,-ասաց Փաշինյանը:

ԱՎԵԼԻՆ