Մեղադրանք է առաջադրվել տղամարդուն, որն ինը տարի իր վեց երեխաներին լրիվ մեկուսացած պահել է նկուղում

Նիդեռլանդների դատախազությունը մեղադրել է մի տղամարդու, որը ինը տարի լրիվ մեկուսացված ապրել է ֆերմերական տան նկուղում վեց երեխաների հետ, սեռական ոտնձգությունների ենթարկելով ինը երեխաներից երկուսին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NL Times պարբերականին։

Պարբերականի տվյալներով՝ 67-ամյա Գերիթ Յան վան Դ.-ն մեղադրվում է իր երկու երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ, որոնք այդ պահին դեռ 16 տարեկան չկային։ Երեխաներից մեկի դեմ ոտնձգությունները տեղի են ունեցել 2002 թվականի նոյեմբերից մինչեւ 2006 թվականի նոյեմբեր, մյուսի դեմ՝ 2004 թվականի օգոստոսից մինչեւ  2008 թվականի օգոստոս։ Նշվում է, որ տղամարդը կարծել է, թե երեխաները համակված են եղել հանգուցյալ մոր ոգով։

Բացի այդ, տղամարդուն կասկածում են իր բոլոր ինը երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի, առողջությանը վնաս հասցնելու եւ ազատությունից ապօրինաբար զրկելու մեջ տարբեր շրջաններում՝ սկսած 1989 թվականի սեպտեմբերից մինչեւ 2019 թվականի հոկտեմբեր։ Պարբերականի տվյալներով՝ Գերիթ Յան վան Դ.-ի բոլոր երեխաները պատմել են, որ հայրը նրանց ֆիզիկական պատիժների է ենթարկել, եթե նրան թվացել է, թե նրանց մեջ չար ոգի կա։

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, ԶԼՄ-ները գրել էին, որ Նիդեռլանդների հյուսիս-արեւելքում գտնվող Դրենտե նահանգի ոստիկանությունը  հայտնաբերել է տղամարդու՝ 18-25 տարեկան իր վեց երեխաների հետ, որոնք առնվազն ինը տարի ապրել են ֆերմերական տան նկուղում։ Ընտանիքը հայտնաբերվել է այն բանից հետո, երբ երեխաներից ավագը փախել է տնից եւ մտել տեղի բար, որի տերը կանչել է իրավապահներին։ Միջադեպի հետ կապված՝ ֆերմայում կալանավորվել է 58-ամյա Յոզեֆ Բ.-ն, ինչպես նաեւ ընտանիքի հայրը։

ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ  աշխարհից մեկուսացված վիճակում ապրող ընտանիքը պատկանում է «Միավորման եկեղեցի» կրոնական շարժմանը։ «Միավորման եկեղեցին»  հիմնադրվել է 1954 թվականին Հարավային Կորեայում, Մուն Սոն Մյոնի կողմից։ Նրա հետեւորդներին հաճախ անվանում են «մունականներ»։ Շարժման հիմնադիրը մահացել է 2012 թվականի սեպտեմբերին։ Ներկայում շարժման միջազգային նախագահը նրա աղջիկն է՝ Մուն Սոն Ջինը։

 

ԱՎԵԼԻՆ