Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացել է Հայաստանյան եպիսկոպոսաց ժողովը

Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների ժողով:

Ժողովի ընթացքում քննարկվեցին թեմերում հոգեւոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին եւ հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց հոգեւոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին եւ եկեղեցականների առջեւ ծառացած հիմնական մարտահրավերներին: Մտքեր փոխանակվեցին նաեւ եկեղեցականների պատրաստության, հոգեւոր-կրթական հաստատությունների սաների ընդունելության եւ կրթության բարելավման վերաբերյալ:

Քննարկումներ ծավալվեցին եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում կարգավորման ենթակա խնդիրների շուրջ: Ժողովականները կարեւորեցին Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբերի հետեւողական աշխատանքը` ի նպաստ հայրենի երկրի եւ բարեպաշտ ժողովրդի:

Անդրադարձ կատարվեց նաեւ «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբ» անվան տակ հանդես եկող հասարակական որոշ կազմակերպությունների կողմից «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի` Համընդհանուր պարբերական դիտարկման 35-րդ նիստին» ընդառաջ պատրաստված զեկույցին:

Եպիսկոպոսաց հավաքի կողմից արձանագրվեց, որ հիշյալ զեկույցում տեղ են գտել մի շարք խնդրահարույց գնահատականներ եւ դիտարկումներ: Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի եւ առաքելության ոչ ճշգրիտ եւ նենգափոխված ներկայացումը, որը ինքնին խտրականության եւ ատելության դրսեւորում է Հայ Եկեղեցու եւ նրա` թվով ճնշող մեծամասնություն հանդիսացող հետեւորդների նկատմամբ:

Ժողովականները հաստատեցին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակը բացարձակորեն չի ենթադրում կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրական վերաբերմունք, այլ գերազանցապես Հայ Եկեղեցու թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի դերի արձանագրումն է հայրենի պետության եւ նրա քաղաքացիների կողմից:

ԱՎԵԼԻՆ