«Օդնոկլասսնիկի.ռու-ով» արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով գումարներ է շորթել անձանցից

Վայոց Ձորի 29-ամյա բնակիչը «Օդնոկլասսնիկի.ռու-ով» արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով գումարներ է շորթել անձանցից. նա կալանավորվել է։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի բնակչի կողմից անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի եւ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:  Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Վայոց Ձորի բնակիչը՝ ծնված 1991թ, շորթմամբ հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի օգոստոս ամսին «Օդնոկլասսնիկի.ռու» սոցիալական ցանցում կեղծ տվյալներով գրանցված իր անհատական էջով ծանոթացել է Երեւան քաղաքի բնակչի հետ: Վերջիններս մտերմացել են, ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկել միմյանց, որից հետո անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2016 թվականի օգոստոսի 11-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 07-ն ընկած ժամանակահատվածում, վճարային համակարգերով փոխանցման եղանակով, շորթմամբ մաս-մաս ստացել է ընդհանուր 3.244.985 ՀՀ դրամ գումար՝ Երեւան քաղաքի բնակչին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2017 թվականի մայիս ամսին, 29-ամյա տղամարդը, նույն եղանակով ծանոթանալով Երեւան քաղաքի մեկ այլ բնակչի հետ, մտերմացել է վերջինիս հետ եւ անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2017 թվականի մայիսի 08-ին վերջինիս վճարային տերմինալով իրեն զգալի չափերի գումար փոխանցելու պահանջ է ներկայացրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

ԱՎԵԼԻՆ