Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ եւ Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օրը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ եւ Ոնոփրիոս ճգնավորներ հիշատակության օրը։

Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր եւ աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգեւոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաեւ հրաշագործությամբ եւ աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում:

Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ս. Անտոն Ճգնավորը կամ Ս. Անտոն Անապատականը ճգնավորության եւ վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ունեցվածքը ու տուր աղքատներին, եւ երկնքում գանձեր կունենաս»: (Մատթ. 19:21):

Առաջնորդվելով այս պատվիրանով, Ս. Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը եւ ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց, նա հեռանում է իր հայրենի գյուղից եւ բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝ հոգեւոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դեւերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին` սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ եւ 20 տարի շարունակ ապրում մենության մեջ:

Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգեւոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք եւ հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց: Սուրբն իր մահկանացուն է կնքում 105 տարեկանում` արժանանալով երկնային անթառամ պսակին, իր աներեր հավատով ու հոգեւոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար:

Ճգնավորներ են եղել նաեւ Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Ս. Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Ս. Պարսամ ճգնավորը եւ եգիպտացի ճգնավոր Ս. Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս որոշ ժամանակ վանքում մնալուց հետո հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որեւէ մեկին հանդիպելու: Ս. Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին եւ փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու եւ ծանր ծննդաբերության ժամանակ:

Հայ Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարեւորում է ճգնավորներներին եւ ունի նրանց հիշատակին նվիրված տոներ:

ԱՎԵԼԻՆ