Չինաստանի բնակչությունը գերազանցել է 1,4 միլիարդը

Չինաստանի բնակչությունը, չհաշված հատուկ վարչական շրջաններ Հոնկոնգը, Մակաոն եւ Թայվանը, մինչեւ 2019թ․ վերջը ավելացել է 4,67 միլիոն մարդով՝ գերազանցելով 1,4 միլիարդը։ Այս մասին են վկայում ՉԺՀ պետական վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2018թ․ Չինաստանի բնակչությունը մեծացել է 5,3 միլիոնով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

2019թ․ երկրում գրանցվել է 14,65 միլիոն նորածին, իսկ ծնելիության գործակիցը կազմել է 10,48՝ հազար մարդու համար։ Նույն տարում Չինաստանում մահացել է 9,98 միլիոն մարդ, իսկ մահացության գործակիցը կազմել է 7,14՝ հազարին։ Բնակչության բնական աճը կազմել է 3,34՝ հազար մարդուն։ Տղամարդկանց թիվը կազմել է 715,27 միլիոն, կանանց թիվը՝ 687,78 միլիոն։ Բնակիչների ընդհանուր թիվը հասել է 1 միլիարդ 400 միլիոն 50 հազար մարդու։

16-59 տարեկան շխատունակ բնակչության ընդհանուր թիվը 2018թ․ 897,29 միլիոն մարդուց կրճատվել է մինչեւ 896,4 միլիոն, ինչը կազմում է ընդհանուր բնակչության 64 տոկոսը։ 2018թ․ այդ ցուցանիշը կազմել է 64,3 տոկոս։

2018թ․ վերջին Չինաստանում հաշվվում էր 60 տարեկանից բարձր 253, 88 միլիոն բնակիչ, կամ ընդհանուր բնակչության 18,1 տոկոսը։ 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը 166,58 միլիոնից աճել է մինչեւ 176,03 միլիոնի, որը կազմում է երկրի ամբողջ բնակչության 12,6 տոկոսը։

Քաղաքային բնակչությունը մեկ տարվա ընթացքում աճել է 17,06 միլիոնով եւ կազմել է 848,43 միլիոն, իսկ գյուղականը կրճատվել է 12,39 միլիոնով եւ կազմել է 551,6 միլիոն։

ԱՎԵԼԻՆ