Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրգործի կասեցված վարույթը վերսկսվել է

Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրգործի կասեցված վարույթը վերսկսվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:

Հանդիպմանը ներկա են գտնվել շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը ուսումնասիրած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

Վերջիններս ավելի վաղ Քննչական կոմիտե էին ներկայացրել քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ զեկույց, որտեղ մատնանշել էին դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ մի շարք գործողություններ:

Ներկայացված զեկույցը ուսումնասիրման առարկա է դարձվել ՀՀ ՔԿ Զինվորական քննչական  գլխավոր վարչությունում, որից հետո որոշում է կայացվել Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝  զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու եւ վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաեւ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին:

ԱՎԵԼԻՆ