Իրանը ներկայում ավելի մեծ ծավալով ուրան է հարստացնում, քան մինչեւ 2015 թվականի միջուկային գործարքի կնքումը.Ռոհանի

Իրանը ներկայում ավելի մեծ ծավալով ուրան է հարստացնում, քան մինչեւ 2015 թվականի միջուկային գործարքի կնքումը։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք ամեն օր ավելի շատ ուրան ենք հարստացնում, քան մինչեւ միջուկային գործարքի կնքումը»,- Ռոհանիին մեջբերում է ILNA գործակալությունը։

Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ճիշտ է վարվել, որ դուրս չի եկել Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)»։ «Եթե Իրանը դուրս գար, ապա մեր դեմ կվերադարձնեին ՄԱԿ պատժամիջոցները, եւ դրանով իսկ մենք կհեշտացնեինք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդիրը»,- նշել է Ռոհանին։

ԳՀՀԾ ապագան հայտնվել է հարցականի տակ 2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Թեհրանի հանդեպ նավթի արտահանման ոլորտում Վաշինգտոնի՝ պատժամիջոցներ մտցնելուց հետո։ Իրանի վարկածով՝ մյուս մասնակիցները, առաջին հերթին՝ եվրոպացիները, լիովին չեն կատարում իրենց պարտավորությունները համաձայնագրի տնտեսական մասով, ուստի գործարքը ներկա տեսքով իմաստ չունի։ Դրա հետ կապված՝ Թեհրանը սկսել է ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունների փուլային դադարեցումը, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը եւ հետազոտական գործունեությանը, իսկ հունվարի սկզբից հայտարարել է այդ գործընթացն ավարտելու մասին։

ԱՎԵԼԻՆ