ՀՌԱՀ գործունեության որոշ ուղղություններ՝ կապված այդ թվում եւ նրա ֆինանսավորման, ինչպես նաեւ օրենսդրական կարգավորման հետ, առաջ են բերում միջազգային փորձագետների զմայլանքը

Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ներկա ձեւաչափը հարմար էր նախկին իշխանություններին, քանի որ հաճախ հեռարձակողների գործունեության հարցերը լուծվում էին այլ կաբինետներում։ Այս մասին «Օրենսդրական փոփոխություններ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հունվարի 16-ին ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ ՀՌԱՀ գործունեության որոշ ուղղություններ՝ կապված այդ թվում եւ նրա ֆինանսավորման, ինչպես նաեւ օրենսդրական կարգավորման հետ, առաջ են բերում միջազգային փորձագետների զմայլանքը։ «Այդ առնչությամբ անհրաժեշտ է ընդլայնել նրա լիազորությունները, ինչը շահավետ կլինի ոչ միայն հեռարձակողներին, այլեւ հասարակությանը։ Բանը խոսքի ազատության սահմանափակման մասին չէ։ Պարզապես հեռարձակման արտոնագրերի տրամադրումը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» հնացած օրենքով սպառնալիքի տակ կդնի մեր քաղաքացիների հոգեկան եւ ֆիզիկական առողջությունը»,- հավաստիացրեց Հակոբյանը։

Նա ավելացրեց, որ օրենքը պետք է բարեփոխվեր դեռեւս 10-15 տարի առաջ, եւ այդ անհրաժեշտությունը հասունացել է ոչ թե քաղաքական համակարգի փոփոխությունների պատճառով, այլ 21-րդ դարի պահանջն է։ «Ինչպես ընդգծվեց, օրենսդրությունը թույլ է կարգավորում իրավական հարաբերությունները ոլորտում եւ չի օժանդակում  հեռուստաընկերությունների զարգացմանը։ Մասնավորապես, վերահսկողության ընդլայնման անհրաժեշտության տեսակետից ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մրցակցության անհավասար պայմանների վրա, քանի որ նոր մեդիա-մշակույթի պատճառով տնտեսվարող սուբյեկտները այլ հարթակներում հեռարձակելու հնարավորություն են ստացել։ Դա, մի կողմից, ավելացնում է հեղինակային եւ այլ իրավունքների խախտման ռիսկը, իսկ մյուս կողմից՝ զրկում է վերահսկող մարմնին համապատասխան պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունից վերհանված խախտումների դեպքում։ Դրա հետեւանքով, ինչպես արդեն նշվեց, հեռուստաընկերությունները հայտնվում են անհավասար պայմաններում»,- պարզաբանեց ՀՌԱՀ նախագահը։

Հակոբյանը նաեւ նշեց, որ հեռուստաընկերությունների տեխնիկական արտոնագրումը պետք է վերացվի, եւ դրա փոխարեն, այլ երկրների օրինակով, պետք է ներդրվի կոնտենտի բովանդակության կոշտ վերահսկողության համակարգ՝ կարծիքների բազմազանության ապահովման նպատակով։

ԱՎԵԼԻՆ