Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները կմարզեն հայ պատանի ֆուտբոլիստներին

Արդեն երկրորդ անգամ հայտնի պորտուգալական Bsports ակադեմիայի` Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը:

9-16 տարեկան հայ պատանիները գարնանային արձակուրդների ժամանակ հնարավորություն կստանան մասնակցելու միջազգային ֆուտբոլային ճամբարին: Մարտի 23-ից մեկնարկելիք հավաքի ժամանակ` 7 օր պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները:

Նրանց հսկողությամբ ճամբարի մասնակիցներն անհատական վարպետությունը կատարելագործելու հնարավորություն կունենան: Պատանիները կզարգացնեն խաղային տեխնիկան, մարտավարությունն ու մարզիկի հոգեբանությունը: Ճամբարն աշխարհի ֆուտբոլային լավագույն դպրոցների փիլիսոփայությանը ծանոթանալու և միջազգային փորձ ձեռք բերելու հարթակ է: Իրենց լավագույն կերպով դրսևորած պատանիները մարզումները Եվրոպայում շարունակելու հնարավորություն կստանան:

Առաջին հավաքի արդյունքներով արդեն ընտրվել էին երկու մարզիկներ, ովքեր արդեն հունիսին մեկնելու են Պորտուգալիա և մեկ ամիս անվճար մարզվելու են «Bsports» ֆուտբոլային ակադեմիայում: Երկրորդ` գարնանային, հավաքի մասնակիցներին նույնպես սպասում են անակնկալներ:

ԱՎԵԼԻՆ