Օրենքի նախագծով սահմանվում է 10 պետական մրցանակ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների նշանակությունը, իմ կարծիքով, անհրաժեշտ է օրենքով կարգավորել դրանց հետ կապված հարաբերությունները՝ միեւնույն ժամանակ վարչապետին լիազորություններ տալով այս կամ այն անձանց պետական մրցանակ շնորհելու համար: Այս մասին հունվարի 13-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Պետական մրցանակների մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Այդպիսով, նրա խոսքով՝ այժմ պետական մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կառավարության 2018-ի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ հիմնելու, շնորհելու, հանձնելու եւ ՀՀ պետական մրցանակների մրցանակակիրներ ընտրող հանձնաժողովների գործունեության կարգը, մրցանակների դափնեկիրների կրծքանշանների նկարագրությունները, ձեւերը եւ դափնեկիրների վկայագրերի ձեւերը հաստատելու մասին» որոշմամբ:

«Վերոնշյալ որոշումը բավականին ծավալուն է: Բացի այդ, մի շարք հարցեր կարգավորում է կառավարությունը, այդ թվում պետական մրցանակ շնորհելու մասին որոշումը, ինչը ծանրաբեռնում է կառավարության գործունեությունը, եւ աննպատակահարմար է»,- ասաց Գրիգորյանը:

Օրենքի նախագծով սահմանվում է 10 պետական մրցանակ՝

1) գրականության եւ հրապարակախոսության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

2) երաժշտության եւ կատարողական արվեստների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

3) կերպարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

4) թատերական արվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

5) կինոարվեստի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

6) ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

7) ճշգրիտ եւ բնական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

8) հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

9) աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ.

10) բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

Բացի այդ, ինչպես նշեց փոխնախարարը, կառավորությունն իրավասու է սահմանելու Հայաստանի Հանրապետության մրցանակների այլ տեսակներ, որոնց շնորհման եւ հանձնման կարգը սահմանում է կառավարությունը:

Քննարկումների արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց տվյալ օրինագծին:

ԱՎԵԼԻՆ